Մատչելիության հղումներ

Ըստ Վրաստանի վարչապետի՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հնարավոր էր խուսափել


«Ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հնարավոր էր խուսափել», - երեկ Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանը, 2008 թվականի իրադարձությունների 15 ամյակին նվիրված սգո արարողության ավարտին, հայտարարում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք բազմիցս ասել ենք, որ այդ պատերազմից կարելի էր խուսափել։ Ես տիրապետում եմ այն տեղեկատվությանը, թե ինչպես էին զարգանում իրադարձություններն այն ժամանակ։ Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ այն ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը անպատասխանատու վարք դրսևորեց՝ մեր զինծառայողների հերոսական ու անձնազոհ գործողությունների ֆոնին», - նշում է Ղարիբաշվիլին։

Ռուսական զորքերը Հարավային Օսիայի վարչական կենտրոն Ցխինվալիի ճանապարհին, 9-ը օգոստոսի, 2008թ․
Ռուսական զորքերը Հարավային Օսիայի վարչական կենտրոն Ցխինվալիի ճանապարհին, 9-ը օգոստոսի, 2008թ․

Վրացական կառավարության ղեկավարի պնդմամբ, 2008-ի օգոստոսյան իրադարձություններից հնարավոր կլիներ խուսափել, եթե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա թիմը չտրվեին սարդրանքներին՝ ինչն ի վերջո վրացական կողմի ծանր մարդկային և տարածքային կորուստների հանգեցրեց։

«Գլխավոր հարցը, որ ծագում է մեր հանրության մոտ հետևյալն է՝ ինչո՞ւ մենք առանց կռվի, առանց որևէ դիմադրության կորցրեցինք Կոդորի կիրճը։ Ինչո՞ւ մենք 150-ից ավելի բնակավայր կորցրեցինք։ Ինչո՞ւ չէին գնահատվել ռիսկերը։ Նույնիսկ փոքրիկ երեխան կարող էր հաշվարկել այն հնարավոր քայլերը, որոնք հետևելու էին պատերազմից մի քանի օր առաջ տեղի ունեցած սադրանքներից հետո», - հայտարարում է Վրաստանի վարչապետը՝ պնդելով, որ նախկին իշխանություններն այդ ամենը չեն արել, ինչն էլ վկայում է, որ Վրաստանի միավորումը նրանց չէր հետաքրքրում, իսկ Սաակաշվիլիի քաղաքական թիմը, ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի, «հակաազգային ուժ էր»:

Գորիի շրջան՝ Քվեմո-Աչաբեթի գյուղ, 18-ը օգոստոսի, 2008թ,
Գորիի շրջան՝ Քվեմո-Աչաբեթի գյուղ, 18-ը օգոստոսի, 2008թ,

Ընդդիմությունը շտապեց արձագանքել Ղարիբաշվիլիի հայտարարություններին՝ կրկնելով բազմիցս հնչած այն թեզը, թե իշխող «Վրացական երազանքը» սպասարկում է ռուսական շահերը։

«Իրակլի, եթե դու չես հասկանում, թե ինչ բան է պետականությունը կամ արժանապատվությունը, լավ կլինի լռես և հիմարություններ դուրս չտաս։ Քո այսօրվա հայտարարությունները Վրաստանի պետականության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների բացահայտ վիրավորանք էին», - «Մտավարի արխի» հեռուստաալիքի եթերում, դիմելով երկրի վարչապետին, հայտարարում էր ընդդիմադիր գործիչ Գեորգի Վաշաձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG