Մինչև հունիսի 15-ը՝ Արցախի լիարժեք շրջափակումն էլ մատակարարումները խիստ սահմանափակ են եղել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Միաժամանակ, ըստ նրա՝ հենց գարնանը եղած մատակարարումների, այդ թվում՝ սերմացուների, շնորհիվ է, որ այսօր շրջափակված Արցախում կարողանում են ինչ-ինչ խնդիրներ լուծել։
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
«Այդ ժամանակ էլի մատակարարումները խիստ սահմանափակ են եղել»
Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ չի պահեստավորել առաջին անհրաժեշտության սննդամթերք այն ժամանակ, երբ կար երկրորդային ճանապարհ, երբ դեռ ռուս խաղաղապահները կարողանում էին ապրանք հասցնել Արցախ։
«Այդ ժամանակ էլի մատակարարումները խիստ սահմանափակ են եղել, և այդ սահմանափակումները հաշվի առնելով՝ բավականին պաշար հավաքագրվել է, և կարելի է ասել, որ այս 50 օրվա ընթացքում մենք կարողացել ենք դիմանալ հենց այդ պաշարների հաշվին։ Դա թե ալյուրին է վերաբերում, թե աղին, թե մի շարք այլ ապրանքատեսակների, այդ թվում՝ դեղորայքի, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ շրջափակման սկզբից ի վեր որոշ պարբերականությամբ Ադրբեջանն ընդհատել է և թույլ չի տվել որոշակի ժամանակով ընդհանրապես մատակարարումներ և դեղորայքի, և առաջին անհրաժեշտության այլ պարագաների, և ինքնին ամբողջ շրջափակումը դեկտեմբերի 12-ից մինչև հունիսի 14-ը հյուծող նպատակ և գործառույթ է ունեցել, և բավականին հյուծվել են նաև Արցախի ներքին պաշարները», - ի պատասխան ասաց Արտակ Բեգլարյանը։
Գարնանը տեղի ունեցած հումանիտար մատակարարումների շնորհիվ բավականին մեծ ծավալի մատակարարում է եղել, նշեց նա. - «Ներկրում ենք իրականացրել նաև սերմացուի գարնանացանի, կարտոֆիլ և մնացած սերմացուները, և հենց այդ մատակարարումների շնորհիվ մենք բավականին հարց կարողանում ենք հիմա լուծել այստեղ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրության ու սպառման առումով»։
«Ռուսական կողմը չէր երաշխավորում որևէ կերպ նախկին երթուղու անվտանգությունը»
Մեկ այլ օգտատեր այսպիսի հարց ուներ. «Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի իշխանություններին մեղադրեց Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններ ունենալու, Արցախը Հայաստանին կապող ներկա միջանցքի երթուղին Ադրբեջանի հետ հստակեցնելու և ՀՀ-ն փաստի առաջ կանգնեցնելու համար։ Ճի՞շտ է ասում Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ»։
«Կարծում եմ՝ այդ առթիվ նախագահն առիթ կունենա անդրադառնալու, ավելի մանրամասն նշելու, բայց նախագահի կողմից և ուղիղ, և անուղղակի կերպով նշվել է, որ դա միանշանակորեն ստիպված որոշում էր հենց ռուսական կողմի հորդորների, այսպես ասած, արդյունք էր, և ռուսական կողմը չէր երաշխավորում որևէ կերպ նախկին երթուղու անվտանգությունը, հետևաբար այս տեսանկյունից մենք՝ Արցախի իշխանությունները, կարծում եմ, այդ ժամանակահատվածում այլընտրանք չունեին։
Իհարկե, Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև ամենաբարձր մակարդակում էլ այս հարցի շուրջ խորհրդակցություններ և քննարկումներ եղել են», - մեկնաբանեց արցախցի պաշտոնյան։
Միջազգային ձևաչափով բանակցությունների Ստեփանակերտը պատրաստ է
Արտակ Բեգլարյանը հիշեցրեց նաև Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները, որ միշտ պատրաստ են Ադրբեջանի հետ երկխոսության, բանակցություններին, սակայն դրանք պետք է իսկապես բանակցություններ լինեն։ Շեշտեց՝ այս ամենը Ադրբեջանի ներքին խնդիր չէ, նաև միջազգային երաշխիքներ են հարկավոր։ Բեգլարյանը հիշեցրեց, որ միջազգային ձևաչափով հանդիպումներից Ադրբեջանը քանիցս հրաժարվել է։
Հարց հնչեց, թե արդյոք ՌԴ նախագահը, ում նամակով դիմել էր Արցախի ղեկավարը, արձագանքե՞լ է։
Արցախի և Ռուսաստանի իշխանությունների միջև որոշակի կանոնավոր հաղորդակցություն լինում է, հայտնեց Արայիկ Հարությունյանի խորհրդականը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։
Մանրամասները՝ տեսանյութում.