Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նենգ և անընդունելի արարք է ընդդեմ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և միտված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հեռախոսազրույցում։
Նախարարը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, Արցախ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ընդգծել ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղում մուտք ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ գործունեության պատշաճ, շարունակական ապահովման կարևորությունը և դատապարտելի համարել Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը խանգարելուն և հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը:
Արցախի 68-ամյա քաղաքացին լուրջ առողջական խնդիրներ ունի, բուժման նպատակով էր ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել են շաբաթ օրը: