Մատչելիության հղումներ

5 տարի անց Փաշինյանը համարում է, որ Երևանի խնդիրներից երկուսը լուծված են. քաղաքացիները հիշեցնում են մյուսների մասին ևս


Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կկարողանա դարձյալ ստանալ երևանցու քվեն՝ հաստատելով 2018-ի վստահությունը։

«Եթե մենք կարողանանք պատշաճ ձևով ի ցույց դնել մինչև այժմ Երևանին մեր մատուցած ծառայությունները և պատշաճ ձևով ի ցույց դնել այն ծառայությունները, որ մենք առաջիկայում պատրաստվում ենք մատուցել Երևան մայրաքաղաքին, որ մեր գործունեության ուղենիշները երևանցիների ցանկություններն են, նրանց կարիքներն են, ես համոզված եմ, որ երևանցին կվերահաստատի 2018 թվականին մեր քաղաքական թիմին իր տված վստահության քվեն», - ասել է նա։

2018-ին «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանում իշխանության եկավ Հայկ Մարությանի գլխավորությամբ, բայց քարոզարշավին վարչապետն էլ էր ակտիվ մասնակցում։ Երեկ կուսակցության դրամահավաք երեկոյի ընթացքում Փաշինյանը հիշեցրեց իրենց հիմնական խոստումներից երկուսը՝ լուծել մահվան վերելակների ու հուսահատության գազելների խնդիրը։

5 տարի անց Փաշինյանը համարում է, որ այդ խնդիրները գրեթե լուծված են, թվարկեց նաև դպրոց-մանկապարտեզների, պուրակների ու բակերի նորոգումները, ապագայում էլ, ասաց, շրջադարձային կլինի հատկապես Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը։

Իսկ շինհրապարակներից տարածվող ու մարդկանց խեղդող թանձր փոշու, աղբահանության ու մյուս հարցերը ո՞վ պետք է լուծի, հարցնում են երևանցիները։

«Դրսում շատ է աղբն, ու դրան ուշադրություն չեն դարձնում»,- ասում է քաղաքացիներից մեկը, մյուսն էլ՝ հավելում. - «Շինթույլտվությունները որ ճիշտ տան, կարող է այդ խնդիրը չլինել»։

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, նոր ընտրությունների շեմին պարբերաբար անձամբ է ազդարարում ներկրված նոր ավտոբուսների ու տրոլեյբուսների մասին լուրերը։

Ընդ որում, իշխող թիմը խոստանում է, որ սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքում հին գազելներ այլևս չեն լինի։ Երևանի ընտրությունները դրանից մոտ երկու շաբաթ անց են՝ սեպտեմբերի 17-ին։

Իշխող թիմը խոշոր հաշվով տրանսպորտային ցանցը համարում է համալրված. շուրջ 600 նոր ավտոբուսները երևանցիներն էլ են նկատում, բայց «Ազատությանը» հանդիպած ուղևորներն ասում են՝ նորից շարունակում են աշխատանքային պիկ ժամերին գերծանրաբեռնված երթևեկել, կանգառներում երկար սպասել, իսկ երեկոյան 21։00-ից հետո առհասարակ տրանսպորտ դժվարությամբ են գտնում։ Նաև ժամատախտակի բացակայությունն են խնդիր համարում։

Որ ընտրություններից առաջ իր քաղաքական թիմի արածն ու դեռ անելիքը ներկայացնելով՝ վարչապետը հույս է հայտնում, որ երևանցին ճիշտ ընտրություն կանի, ընտրություններին հետևող «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը նորմալ է համարում, բայց շարունակում է պնդել՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ-ն չարաշահել է վարչական ռեսուրսը, մասնավորապես Տիգրան Ավինյանի օգտին ընտրողների ցուցակագրման մասին, ասաց, իրենք հայտարարել էին դեռ անցած շաբաթ՝ ձեռքի տակ ունենալով ձայնագրություններ։

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը պնդել էր, որ իր օգնական ներկայացած լրագրողի հրապարակված գաղտնի ձայնագրությունում ոչ մի փաստ չկա ցուցակ կազմելու «հանձնարարականի» վերաբերյալ։ Պապոյանը թափանցիկ պրոցես է համարել այն, որ իրենց կուսակցության տարբեր համայնքների անդամներ մասնակցում և մասնակցելու են Երևանի ավագանու ընտրությունների ՔՊ-ի քարոզարշավին, ընդգծելով՝ դա քաղաքական գործունեության և տրամաբանության շրջանակներում է։

Պապոյանը դատի է տալու Իոաննիսյանին։

«Իրենք շրջանցում են այն հարցը, որ ըստ էության, Սպիտակ համայնքի վարչական ղեկավարները իրենց համայնքի ղեկավարի հրահանգով են դա անում, այսինքն՝ վարչական ղեկավարն իր ենթականերին հրահանգում է քարոզել կամ ցուցակագրել ՔՊ-ի պոտենցիալ ընտրողներին», - ասաց Իոաննիսյանը։

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրություն այս պահին ավելի քան տասը հոգի է հայտարարել՝ ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանից բացի, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանը, «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր, փաստաբան Նորայր Նորիկյանը և էլի անուններ։ Երևանում պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 820 հազար ընտրող կա։ Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 13-ից։ Դեռ պարզ չէ, սակայն, խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի ընտրություններին, թե ո՞չ։ ՔՊ-ի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ է դեռ լուռ։

XS
SM
MD
LG