Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 17-ին


Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, կառավարությունն այսօր հաստատեց որոշման նախագիծը։

«Կառավարության խնդիրն է ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունը, թափանցիկությունը և բացառել ընտրություններում քաղաքացիների կամքի ձևախեղման և ձևափոխման ցանկացած դրսևորում», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերի 23-ին, ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018-ի հոկտեմբերի 10-ին, այդ լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 10-ին: Օրենքի համաձայն՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ և որպես նշված միջակայում գտնվող միակ կիրակի օր ընտրությունները պետք է նշանակվեն սեպտեմբերի 17-ին:

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ անցած մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Խորհրդարանական ընդդիմությունը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունի։ «Ապրելու երկիրի» Երևանի քաղաքապետի թեկնածուն կուսակցություն նախագահ Մանե Թանդիլյանն է։ Նա վերջին համագումարի ժամանակ առաջարկում էր Երևանի ընտրությունները վերածել «իշխանության անվստահության հանրաքվեի»։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։

Ընտրություններին առայժմ իրենց մասնակցության մասին հայտնել են նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը և ևս մի քանի հոգի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG