Մատչելիության հղումներ

Ըստ հրապարակման՝ ՔՊ-ն ձայներ է հավաքում Ավինյանի համար՝ այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով. համայնքապետերը հերքում են


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, արխիվ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, արխիվ

«Փաստերի ստուգման հարթակի» աղմկահարույց հրապարակումից հետո թե՛ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը և թե՛ գյուղերի վարչական ղեկավարները հերքում են, թե Երևանի քաղաքապետի իշխող կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին ձայներ են հավաքում, երևանաբնակ ծանոթ-բարեկամների ցուցակներ կազմում։

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորումն» է նման հրապարակում արել։ «Անկախ դիտորդ» դաշինքը տեղեկություններ է ստացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ ու հրահանգել իրենց համայնքի հետ կապ ունեցող, սակայն Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։

Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այսօր զայրացավ, մեղադրեց լրագրողներին բանսարկության մեջ. - «Սուտ տեղեկություններ են հրապարակում, Ձեզանից սկսած, ու լավ գիտեք՝ ես ինչ մաքուր ձևի եմ աշխատում, կամ կյանքում ես ոնց եմ ապրել։ Ես ի՞նչ գործ ունեմ Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ»։

«Անկախ դիտորդի» «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը ունեցած տեղեկություններն ստուգելու համար զանգել է վարչական ղեկավարներին ու ներկայացել Գևորգ Պապոյանի օգնական, հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Նրանցից առնվազն վեցը հայտնել են, որ արդեն ունեն կամ շուտով կունենան յուրաքանչյուրը 10-15-ական ընտրողների ցուցակներ, որոնք հավաստիացրել են, թե քվեարկելու են Ավինյանի օգտին։

Ջրաշենի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը բարեհաճ պատասխանել է Պապոյանի օգնական ներկայացած անձի հարցերին ու հաստատել, թե իր երևանաբնակ բարեկամներից առնվազն 15-ը հաստատ կքվեարկեն Ավինյանի օգտին։

Մինչդեռ այսօր այդ ձայնագրությունից բոլորովին չտարբերվող ձայնով Արմեն Եղիազարյանը հերքեց, թե նման մարդ իրեն զանգել է, կամ ինքն այդպիսի հավաստիացումներ է տվել. - «Գլխիս սարքել են, խաբար չեմ ես։ Էն մի համարիս է զանգ եկել երևի, ընկերոջս մոտ է, էս համարիս զանգ չի եկել», - ասել է նա։

Նույն հակասությունն է նաև Ծաղկաբերի վարչական ղեկավար Արամ Իգիթյանի դեպքում։ Նա հստակ չհրաժարվեց, որ զանգ ստացել է, բայց հերքեց, թե Ավինյանի օգտին քվեարկողների ցուցակ ունեն։

«Խնդիր չկա, եթե մարդ զանգել է նման թեմայով, բայց որևէ ցուցակ կամ հրապարակում... այդ ընտրությունների հետ կապված մենք ներգրավում չունենք և չենք կարող ունենալ։ Ես այստեղ, երևանցիք՝ էնդեղ, ես ի՞նչ լծակներ կարամ ունենամ, կամ որևէ լծակ չի էլ կարա լինի, ընտրություն է, մարդիկ իրենց կամքն ունեն», - ասաց նա։

«Ազատության» դիտարկմանը, որ ձայնագրության մեջ ենթադրաբար նա ասում է, որ ցուցակ ունի, ուղիղ թիվ է հրապարակել, նա արձագանքեց. - «Կներեք, բայց իմ տեղը հարմար չի, համ էլ էս խոսակցությունը ինձ համար հաչելի չի»։

Չնայած ըստ «Անկախ դիտորդի»՝ բնակավայրերի ղեկավարների խոսքում հիշատակված պոտենցիալ քվեարկողների հանրագումարը մոտ հարյուրի կարգի էր, սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը զրույցի ընթացքում պնդել է, որ ակնկալում է շուրջ 1000 ընտրողների երաշխավորված քվեարկություն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը, որ, ըստ իրավապաշտպանների հրապարակման, համակարգել է գործընթացն, այսօր այդպես էլ չպատասխանեց «Ազատության» զանգերին։ Նշենք, որ մեկ ամիս առաջ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էր այցելել Սպիտակի համայնքապետարան՝ անձամբ հանդիպելու Սպիտակի վարչական ղեկավարներին։ «Ազատության» նախնական տեղեկություններով՝ քաղաքական թեմայով էին լինելու քննարկումները։ «Ազատությանը», սակայն, չթողեցին ներկա լինել դրան։ Դուրս եկած մասնակիցները պնդում էին, թե համայնքին վերաբերող հարցեր են քննարկել առանց քաղաքական բովանդակության։

XS
SM
MD
LG