Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի կանխատեսել, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են հայտնվել պատերազմական գործողություններից ընդամենը 25-ից 45 կիլոմետր հեռավորության վրա, քննիչ հանձնաժողովի նիստին այսօր հայտարարեց 44-օրյա պատերազմի օրերինշ ռազմական գերատեսչությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը։
«Այդպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող են հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ», - ասաց նա։
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախկին նախարարը պնդեց՝ պատերազմին նախորդող ժամանակահատվածում օգոստոսին Նախիջևանի զորավարժությունների ժամանակ թուրքական F-16-երի վերաբազավորումը Գյանջայում իրեն և Գլխավոր շտաբին հուշել է, որ դա վարժանքի նպատակով չէ: Այդ պատճառով էլ ինքը ՀԱՊԿ դաշնակցիների ու ՆԱՏՕ անդամ պետությունների դեսպանների հետ բազամթիվ հանդիպումներ է ունեցել՝ նրանց տեղեկացնելով Անկարայի հնարավոր անմիջական մասնակցության մասին։
«Բոլորին դիագրամաներով տրվել են Թուրքիայի F-16-երի օդային դիագրամաները, ու տրվել են ամենօրյա պարբերականությամբ։ Խնդրանքս եղել է՝ չեզոքացրեք այդ երկրի ներգրավումը արցախյան պատերազմի թատերաբեմում», - ասաց նա։
55-ամյա Տոնոյանը, խոսելով պատերազմին Թուրքիայի ներգրավվածության մասին, հաստատեց Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե ինքը պատերազմի 3-րդ օրն Անվտանգության խորհդրի նիստին պնդել է՝ այն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով, քանի որ Հայաստանի զինված ուժերը ունակ չեն կանգնեցնել թշնամու ագրեսիան։
«Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես, դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել այդ զեկույցը, բայց մենք պարտավոր էին և վարչապետին, և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ հիմնական դրա պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր», - ասաց նա։
Ի՞նչն էր Հայաստանի հանգստության պատճառը, որ Թուրքիան ամբողջապես չի ներգրավվի Հայաստանի դեմ տարվող պատերազմին, Տոնոյանից հետաքրքրվեց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ռազմական կառույցը երկուսուկես տարի ղեկավարած Տոնոյանը պատճառաբանեց, թե հաշվի են առել Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունն ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը։ Մյուս մանրամասները նախկին բարձրաստիճան պաշտոնյան նախընտրեց նիստի արդեն չլուսաբանվող՝ փակ հատվածում ներկայացնել. - «Հաշվի էինք առել դաշնակցի և այն դաշինքի մեր մասնակցությունը, որում մենք գտնվում ենք»։
Տոնոյանը, որը գրեթե երկու տարի կալանավորված է «անպիտան հրթիռների» գործով՝ շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար, պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին մասնակցելու հնարավորություն էր ստացել դատարանի թույլտվությամբ։
Այսօրվա նիստին նա այլ ուշագրավ հայտարարություններ էլ արեց։ Պնդեց՝ այն պահին, երբ ստանձնել է նախարարի պաշտոնը, գնահատական է եղել, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են եղել իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու։ Ասաց, թե հաշվի են առնվել պատրաստվածությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ բանակն էր։
«Մենք կարող էինք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի Հանրապետության սահմաններով և ապահովեինք Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրենց ինքնորոշման իրավունքը», - շեշտեց նա։
Ըստ Տոնոյանի՝ մինչ 44-օրյան իրավիճակը գնահատել են սպառնալի, սակայն ռազմական գործողությունների մեկնարկի օրը հայտնի չի եղել:
Պաշտպանության նախկին նախարարը նաև հայտարարեց, որ պատերազմը կանգնեցնելու միակ հնարավորությունը ոչ թե պայմանագրերի ստորագրումն է եղել, այլ երրորդ ուժի` խաղաղապահների տեղակայումը. - «Պայմանավորվածություններ են եղել, որոնք չեն իրականացվել, և ամսի 9-ի համաձայնությունները ոչ մեկը երաշխիք չուներ, որ կիրականացվեն, դրա երաշխիքը միակն է եղել, դրա երաշխիքը եղել է խաղարապահների կամ խաղաղությունը պարտադրողների ներկայությունը, այսինքն՝ ուժի ներկայությունը թատերաբեմում»։
«Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարության հեղինակ Տոնոյանը նաև ասաց, թե իրեն է պատասխանատու համարում, որ չի կարողացել կանխել պատերազմն ու հետո էլ դադարեցնել։
Ինչպես նախորդ նիստերին, այս մեկին էլ խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում։ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ ցանկանում է նիստին տեսնել նաև «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին։ Ավելի վաղ հանձնաժողովականների հարցերին պատասխանել էր Հայաստանի վարչապետը։ Դավիթ Տոնոյանն իր մասնակցության համար պայման էր դրել, թե պատրաստ է գալ, եթե նիստը բաց լինի, դրանից հետո կարող է նաև փակ ռեժիմով պատասխանել հանձնաժողովականների հարցերին։
Տոնոյանը վաղը ևս կպատասխանի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովականների հարցերին։