Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին։
Նա ասել է, որ Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանին հասցեագրվող մեղադրանքներն անարդար են։
«Բժշկական տրանզիտն իրականացվում է, մարդասիրական օգնությունն իրականացվում է, Լաչինի ճանապարհը ադրբեջանական հող է, և Ադրբեջանը կարող է այնտեղ ցանկացած գործողություն կատարել»,- ասել է Ֆիդանը:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 7 ամիս․ անցած դեկտեմբերին էր, երբ իրենց բնապահպան անվանող ադրբեջանցի ակտիվիստները փակեցին Լաչինի միջանցքը՝ ներկայացնելով բնապահպանական պահանջներ ու արգելելով տեղաշարժը։ Դրանից 4 ամիս անց Բաքուն անցակետ տեղադրեց Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջի վրա՝ պարտադրելով արցախցիներին անցնել միայն անցակետով՝ միայն իր թույլտվությամբ։ Այս տարվա հունիսի 15-ին էլ ադրբեջանցիները փորձել էին իրենց դրոշը տեղադրել կամրջից դեպի Սյունիք հատվածում, հայկական կողմը կրակոցով կանխել էր այդ փորձը։ Այդ օրվանից ընդհանրապես ԼՂ-ն կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև՝ արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Հունիսի 29-ին ադրբեջանցի իրավապահները Լաչինի միջանցքում առևանգել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն՝ «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեղադրանքով»։