Մատչելիության հղումներ

Պուտինն անպատասխան է թողել Էրդողանի՝ հացահատիկի գործարքի շուրջ բանակցելու խնդրանքը. WSJ


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անպատասխան է թողել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ հացահատիկի գործարքի երկարաձգման շուրջ բանակցելու խնդրանքը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։

Հուլիսի 17-ին հացահատիկի համաձայնագրից Ռուսաստանի դուրս գալուց հետո Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է Պուտինի հետ քննարկել գործարքի վերսկսումը, սակայն նախագահների միջև շփումներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան լրատվամիջոցի աղբյուրները տեղեկացրել են, որ Անկարան այժմ փորձում է Կրեմլի հետ կապ հաստատել հաղորդակցության այլ ուղիներով։ Թե որոնք են դրանք, չի նշվում։

The Wall Street Journal-ի զրուցակիցները պնդում են, որ Կրեմլը հրաժարվել է երկարաձգել հացահատիկի գործարքը այն բանից հետո, երբ Թուրքիան Ուկրաինային է վերադարձրել «Ազով» գնդի զինյալներին, որոնք փոխանակման արդյունքում Ստամբուլ էին տեղափոխվել պայմանով, որ պետք է մնային Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը։ Թերթը հավելում է, որ Մոսկվայի դժգոհությունն էր հարուցել նաև Էրդողանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումին հավանություն տալը։

Թուրքիայի նախագահը, ում միջնորդությամբ մեկ տարի առաջ ստորագրվել էր գործարքը, հույս էր հայտնել, որ սևծովյան նախաձեռնությունը կարող է վերսկսել աշխատանքը ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո, որն, Էրդողանի խոսքով, նախատեսված է օգոստոսին՝ Թուրքիայում։ Կրեմլը հանդիպման ժամկետներ չի հայտնել։

XS
SM
MD
LG