Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դեմ իրական ճնշում չկա. Open Democracy-ի ադրբեջանցի լրագրող


Ադրբեջանական անցակետը Հակարիի կամրջին՝ արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամասում, արխիվ
Ադրբեջանական անցակետը Հակարիի կամրջին՝ արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամասում, արխիվ

Կարո՞ղ է արդյոք Եվրամիությունը ստիպել Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը, կամ ունի՞ արդյոք նման ցանկություն. բրիտանական Open Democracy-ի մեկնաբանն է հարցի հեղինակը, որը ծավալուն հոդված է նվիրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ մանրակրիտ նկարագրելով վերջին յոթ ամիսների դրամատիկ իրադարձությունները, Լեռնային Ղարաբաղի պաշարման հետևանքները։ Անկախ լրագրող Բաշիր Կիտաչաևը, ով, ի դեպ, Ադրբեջանից է, փաստելով, որ Ալիևի վարչակազմի գործողությունների հետևանքով թե՛ Արցախում ճգնաժամն է խորանում, թե՛ Ադրբեջանում են մարդու իրավունքների խախտումները շարունակվում, նկատում է՝ Ադրբեջանի դեմ իրական ճնշում չկա:

«Արևմտյան իրական ճնշման բացակայությունը կարող է նաև վկայել , որ Եվրամիությունը համաձայն է Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում Բաքվի պայմաններին: Հնարավոր է՝ Բրյուսելի և Ալիևի գազային գործարքն է դեր խաղում», - ենթադրում է հոդվածագիրը և մեջբերում փորձագետների կարծիքը, որ Եվրամիությանը էներգակիրների վաճառքից ստացված հասույթը Բաքուն կարող է ուղղել ավելի շատ զենք ձեռք բերելուն, շրջափակումը հովանավորելուն, զինված սրացումներին, Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումներին:

Լրագրողը զուգահեռներ է անցկացնում Բաքվի և Արևմուտքի կողմից աննախադեպ ճնշումների ենթարկվող Մոսկվայի միջև. - «Իսկ եթե Արևմուտքը կրկնի՞ նույն սխալը, որն արեց Վլադիմիր Պուտինի հետ անցած տասնամյակում, երբ Կրեմլը եկամուտ ապահովեց ռեսուրսների վաճառքից, պատրաստվեց պատերազմի և արհամարհելով բոլոր պայմանագրերը ի վերջո հարձակվեց Ուկրաինայի վրա»։

Վերլուծելով Լեռնային Ղարաբաղի հարցում Ալիևի քաղաքականությունը՝ ադրբեջանցի լրագրողը փաստում է, որ մինչ օրս Ադրբեջանը չի ներկայացրել Ղարաբաղի հայ բնակչությանն ինտեգրելու որևէ ծրագիր և ոչինչ չի արել թշնամանքը մեղմելու համար, փոխարենը՝ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններից պահանջել է հանձնվել և համաներում խոստացել, սակայն սպառնացել է ուժ կիրառել, եթե չենթարկվեն»:

«Բաքուն թերևս մտադիր է անտանելի դարձնել կյանքը Լեռնային Ղարաբաղում՝ ստիպելով բնակիչներին հեռանալ։ Այս ռազմավարությունը թույլ կտա արդյունավետ կերպով «անարյուն» էթնիկ զտումներ իրականացնել և շրջանցել ղարաբաղցի հայերի սոցիալական և տնտեսական ինտեգրման խնդիրները լուծելու անհրաժեշտությունը», - բրիտանական Open Democracy պարբերականում գրում է ադրբեջանցի լրագրող Բաշիր Կիտաչաևը:

Ստեղծված իրավիճակում ամենաառեղծվածայինը Մոսկվայի դիրքորոշումն է՝ ղարաբաղյան հակամարտության հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալն է ասում ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում։ Լրագրողը հարց է տվել մոսկովյան եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ․ Լավրովն ասել էր, թե Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին «անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»։ Իսկ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցը, դատելով Լավրովի խոսքից, քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատման համատեքստում։

«Ինձ համար գլխավոր առեղծվածներից մեկը ստեղծված իրավիճակում Մոսկվայի պասիվ պահվածքն է: Կային ժամանակներ, երբ ամեն օր, ամեն շաբաթ հիշեցնում էին նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, կար բավականին ակտիվ դիվանագիտություն Մոսկվայի կողմից։ Ուկրաինայի գործոնն է թերևս հարցի պատասխանը, թե ինչու է Մոսկվան բավական թույլ դեր խաղում։ Նույնը՝ Լավրովի հայտարարության մասին։ Նա, ըստ էության, կրկնում է Բլինքենի, Միշելի հայտարարությունը, որ պետք է գործընթաց, երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ Ղարաբաղի հայերի ապագայի հարցով։ Այս հայտարարությունում ես որևէ սկզբունքայնություն չեմ տեսնում, այն չի տարբերվում Բլինքենի և Միշելի հայտարարություններից»,- նշում է դե Վաալը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG