Մատչելիության հղումներ

ԵՄ-ն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը


Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը։ Այս մասին ասված է Ժոզեպ Բորելի ղեկավարած ծառայության խոսնակի այսօրվա հայտարարությունում։

Խոսնակը նշում է, որ Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները՝ շեշտելով՝ այն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց, ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

«Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ն շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը», - ասված է հայտարարությունում։

Ադրբեջանը երեկվանից դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, նաև Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն է արգելվում Հակարիի կամրջով։ Բաքվից պատճառաբանել են՝ «Լաչին» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

ԿԽՄԿ-ն պարզաբանել է՝ իրեն պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել, փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Կոմիտեն միևնույն ժամանակ նշել է, որ առանց իրենց իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը, և այդ անձանց հետ պայմանագրերը խզվել են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG