Մատչելիության հղումներ

Իշխող խմբակցությունում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում, «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահի առաջարկին։

Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ իշխող թիմին հորդորել էր Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթաց սկսել։

Առաջին նախագահի առաջարկի պատճառն անցած կիրակի տեղի ունեցած միջադեպն էր, երբ սփյուռքահայ Կարեն Մկրտչյան Սիմոնյանին անվանել էր դավաճան, ինչից հետո, ըստ դաշնակցական երիտասարդի, խորհրդարանի խոսնակի թիկնապահները ոլորել են իր ձեռքերը, իսկ Ազգային ժողովի նախագահը թքել իր դեմքին։

Սիմոնյանը մինչ այս պահը ուղիղ չի պատասխանել՝ թքել է քաղաքացու դեմքին, թե ոչ, բայց պնդել է, որ իր թիկնապահները երիտասարդի ձեռքերը չեն բռնել, կատարվածն էլ խուլիգանություն ու ուղղորդված սադրանք էր որակել։

Սիմոնյանի թիմակից Վիգեն Խաչատրյանը չի բացառում, որ խմբակցությունը միջադեպին կանդրադառնա։

«Բոլոր դեպքերում, արժի քննարկել միջադեպը»

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

«Բոլոր դեպքերում, արժի քննարկել միջադեպը, բայց որի քննարկման հիմքում չեմ կարծում, որ պետք է դրվի Տեր-Պետրոսյանի տեսակետը։ Կարծում եմ, որ նման միջադեպերը ցանկալի չէ, որ տեղի ունենան, իհարկե, իսկ Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը խիստ միակողմանի է շարադրված», - ասաց Խաչատրյանը։

Հայաստանի առաջին նախագահն «ազգային խայտառակություն» էր որակել Ազգային ժողովի նախագահին վերագրվող արարքը՝ դա համարելով պետականության վարկին հասցված ամենամեծ վնասը։

Խաչատրյանը, ըստ էության, չհերքեց՝ փոքրիկ նկատառում անելով․ - «Պետության վարկանիշը բոլորիս պետք է մտահոգի, իհարկե, այդ թվում՝ նաև Ազգային կոնգրեսին, որի ղեկավարն է Տեր-Պետրոսյանը»։

«Սիմոնյանի հրաժարականի պահանջն իրավաչափ ու տեղին է»

Զարուհի Հովհաննիսյան
Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսայանը կարևորում է՝ ով է ներկայացնում երկիրը միջազգային հանրությանը։

«Արդյոք այդ անձը, որը նմանատիպ վարքային դրսևորում ունի և վերաբերմունք երկրի քաղաքացու նկատմամբ, կարող է կամ իրավունք ունի ներկայացնել երկիրը, կարծում եմ, որ ոչ», - ասաց իրավապաշտպանը։

Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը իրավաչափ ու տեղին է համարում Հովհաննսիայնը։ Նա ընդգծում է՝ ի՞նչ հետևություններ կարելի է անել այս մի արարքից. արդյոք սա նշանակում է, որ բռությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։

«Քաղաքական գնահատականն ազդելու է նաև քաղաքացիների տարբեր տիպի բռնության և խոսքային մշակույթում դրսևորումների վրա, եթե այդպիսի վարքային մոդել է թելադրվում երկրի ժողովրդին, որ կարելի է բռնություն գործադրել, անարգել, նվաստացնել որևէ մարդու, որն իր համար անհարմար որևէ տեսակետ է հայտնում, այդ անձն իրավունք չունի պաշտոն զբաղեցնել», - ասաց Հովհաննիսյանը։

Բարձրաստիճան պաշտոնայնների վարքը պետք է լինի մանրադիտակի ներքո, պնդում է իրավապաշտպանը՝ շեշտելով Ազգային ժողովը պարտավոր է էթիկայի հանձնաժողով ձևավորել և այս հարցը քննել։ Այդուհանդերձ, հենց ինքը՝ Հովհաննսիայը շեշտում է՝ սա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնյան ոչ պարկեշտ պահվածք է դրսևորում և միջադեպը ոչ քննվում է, ոչ էլ դատապարտվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG