Մատչելիության հղումներ

Դատախազը ներկայացրեց, թե պետությունը ինչ գույք ու որքան գումար է ցանկանում բռնագանձել Հովիկ Աբրահամյանից


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արխիվ
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արխիվ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատախազ Տիգրան Ենոքյանից ավելի քան 20 րոպե պահանջվեց՝ թվարկելու, թե պետությունը ինչ գույք ու որքան գումար է ցանկանում բռնագանձել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու նրա ընտանիքի անդամներից։

Մոտ երկու տարի տևած ուսումնասիրությունից հետո իրավապահները հայտարարում են, որ բավարար ապացույցներ չկան դրանց օրինական ծագման վերաբերյալ։

Աբրահամյաններն առաջին դատական նիստին ներկա չէին։

«Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել քաղաք Երևան, Կենտորն, Տերյան փողոց 66 շենքի 18 բնակարանը», - ներկայացրեց դատախազը:

Դատախազությունը պնդում է, որ Աբրահամյաններն, ինչպես նաև նախկին վարչապետի վարորդը, թիկնազորի աշխատակիցը, որոնց անուններով ևս նախկին բարձրաստիճան պաշտոնյան գույք է գնել, պետությանը պետք է վերադարձնեն 59 անշարժ գույք՝ 15-ը Երևանում՝ մեծամասամբ կենտրոնում:

Բացի այդ, ապօրինի է որակվել 20 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր։

Բռնագանձման ցանկում է նաև նախկին վարչապետի որդուն՝ Արգամին պատկանող Մոնումենտում կառուցված առանձնատան արժեքը՝ ավելի քան 6.5 միլիոն դոլարը։ Այս առանձնատունը դեռ անցած տարի կասկածելի պայմաններում վաճառվել էր։

Եթե դատարանը բավարարի դատախազության պահանջը, Աբրահամյանները անշարժ գույքից, բաժնետոմսերից ու փոխառություններից բացի պետությանը պետք է վերադարձնեն նաև ավելի քան 55 միլիոն դոլար։

«Իրավասու մարմնի ձեռք բերած տվյալներով 59 անշարժ գույքերի ձեռքբերումները լրիվ կամ մասնակի չեն հիմնավորվել հովիկ Աբրահամյանի օրինական եկամտի աղբյուրներով», - նշեց Ենոքյանը:

Մինչ դատախազ Ենոքյանը ներկայացնում էր իրենց եզրակացությունը, որ Հանրապետականի իշխանության տարիներին տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Աբրահամյանը, չունենալով օրինական բավարար միջոցներ, ունեցվածք է կուտակել, փաստաբան Արմեն Հարությունյանը նիստից հետո փոխանցեց նախկին վարչապետի դիրքորոշումը. - «Այն հաշվարկներն ու այն հայցադիմումը, որը դատախազության կողմից ներկայացված է, չենք ընդունում, հակառակ դեպքում հաշտություն կնքված կլիներ էլի»:

Նախկին վարչապետի փաստաբանը չի մանրամասնում, թե որոնք են իրենց հակափաստարկները նաև դատախազության այն պնդման վերաբերյալ, որ Աբրահամյանը տարբեր տարիներ գնել է բնակարաններ, որոնց արժեքը մի քանի անգամ գերազանցել է նրա օրինական եկամուտները։

«Բիզնեսներ կան, գույքեր կան, որոնք վերագրվում են պարոն Աբրահամյանին, բայց դրանք ընդհանրապես առնչություն չունեն Աբրահամյանի հետ: Չեմ ուզում հիմա կոնկրետ դեպքեր ասել, ամեն դրվագով քննության ընթացքում, ամեն փուլում ներկայացնելու ենք մեր հիմնավորումները», - նշեց Արմեն Հարությունյանը:

Փաստաբան Հարությունյանն ասաց՝ դատախազությունը հաշվի չի առել նաև այն, որ Աբրահամյանը մոտ 40 տարեկանում է սկսել պետական պաշտոններ զբաղեցնել, մինչ այդ արդեն ունեցվածքի տեր էր։ Արձագանքելով «Ազատության» հարցին՝ որտեղի՞ց նրան այդ ունեցվածքը, փաստաբանը կրկնեց դեռ տարիներ առաջ Աբրահամյանի՝ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին տված պատասխանը՝ գյուղատնտեսությամբ է զբաղվել։

«Պարոն Աբրահամյանը 34 տարեկան հասակում բավականին ունեցվածք ունեցել է», - նշեց նա:

Չնայած Աբրահամյաններն անցած տարի հապշտապ հասցրեցին վաճառել իրենց ունեցվածքի թերևս ամենախոշոր բաժինը՝ Մոնումենտի առանձնատունը, բայց դատախազությունը գտավ ելքը՝ դղյակի փոխարեն արգելանք է դրվել առուվաճառքի հաշվեհամարին։

«Ազատության» հարցմանը դատախազությունից պատասխանել են, թե առանձնատունը չէին կարող արգելանքի տակ դնել, քանի որ գնորդին՝ Լիլիթ Պետրոսյանին ճանաչել են բարեխիղճ ձեռքբերող. նա շուկայական գնով է առանձնատունը գնել և դեռ ամբողջական վճարում չի արել՝ պատճառաբանել են դատախազությունից, նաև ընդգծելով, տվյալներ չունեն, որ գնորդը անբարեխիղճ է։ Օրենքով անբարեխիղճ կլիներ, եթե տեղյակ լիներ, որ առանձնատունն ապօրինի ծագում ունի։

«Փորձում են արդարացնել Աբրահամյանին, որովհետև այս գործարքը թույլ են տվել նույն Հայաստանի իրավապահները»

Նախկին պաշտոնյաների ունեցվածքը հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը, սակայն, կասկածելի է համարում դատախազության այս փաստարկները։ Նախ՝ գնորդը այս իշխանության օրոք ընդլայնեց իր բիզնեսը, բացի այդ, նա նաև գնել է նախկին մաքսայինի պետ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Երկրորդ՝ ինչպե՞ս կարող էր գնորդը տեղյակ չլինել Մոնումենտի առանձնատների շուրջ քրեական գործից։

«Այս դեպքում փորձում են արդարացնել Հովիկ Աբրահամյանին, որովհետև այս գործարքը վաճառքի թույլ են տվել նույն մեր Հայաստանի իրավապահները, եթե դա թույլ են տվել, հիմա էլ պետք է տրամաբանորեն արդարացնեն մնացած իրադարձությունները, որ տեղի են ունենում այդ առանձնատան շուրջ», - ընդգծեց Մուրադյանը:

Լրագրողի կասկածներն էլ ավելի է խորացնում այն, որ գնորդը դեռ չի վճարել առանձնատան դիմաց։ Լիլիթ Պետրոսյանն ընդամենը 125 հազար դոլար է վճարել, և այժմ, ըստ դատախազության, նրան արգելվել է փոխանցել մնացած փողը, իսկ Արգամ Աբրահամյանին էլ արգելվել է տնօրինել փոխանցված գումարը։

Լրագրողը հարցում է՝ ո՞վ և ինչպե՞ս կարող է վերահսկել գումարի փոխանցումը, օրինակ, առձեռն ճանապարհով, չի բացառվում՝ մի օր պարզվի, որ կողմերը պարտք ու պահանջ չունեն ու պետությունն էլ զրկվի թե՛ առանձնատնից, թ՛ե դրա գումարից։

XS
SM
MD
LG