Մատչելիության հղումներ

Օրենքի ընդունումից երեք տարի անց կայացվել է ապօրինի գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը


Օրենքի ընդունումից երեք տարի անց կայացվել է ապօրինի գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: Իրավապահների հետ համաձայնության է եկել Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի նախկին տնօրեն Արթուր Մանուկյանը, նա պետությանն է փոխանցելու շուրջ 600 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։

Պետության և Արթուր Մանուկյանի հաշտությունն էլ է առաջինը, «Ազատության» հետ զրույցում ասաց դատախազության ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։ Մանուկյանն ընդունել է, որ իրեն պատկանող հողամասը, բնակարանը, շինությունն ու ավտոմեքենան ապօրինի է ձեռք բերել, հետևաբար պետությանը կփոխանցի դրանց արժեքի 85 տոկոսը՝ շուրջ 81 միլիոն դրամ արժողությամբ հողատարածքը։

«Էս վճիռը արդեն հրապարակման պահից համարվում է ուժի մեջ մտած», - ասաց Ամիրխանյանը:

Հողատարածքը թերևս կփոխանցվի Պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչից հետո արդեն կառավարությունը կորոշի դրա հետագա ճակատագիրը:

«Արդեն պետությունը սեփական հայեցողությամբ կորոշի՝ ինչ է ցանկանում դա անել, կցանկանա կարող է վաճառել, կարող է վարձակալությամբ տրամադրել և ցանկացած տնօրինչական գործողություն կարող է այդ գույքի հետ կապված անել», - նշեց Սիրո Ամիրխանյանը:

Դատախազի խոսքով՝ Մանուկյանին չեն համոզել, հեշտ է համաձայնել հաշտության առաջարկին. - «Անկեղծ ասեմ՝ որևէ համոզելու խնդիր չենք ունեցել, կողմը ինքն է ներկայացել, ներկայացվել է գրավոր դիրքորոշում, հայտարարագիր և հայտնել է, որ ցանկանում է կնքել հաշտության համաձայնություն»:

Սակայն ապօրինի գույքի բռնագանձման գործերով անցնող նախկին պաշտոնյաները՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու այլոք չեն ընդունել դատախազության՝ հաշտության առաջարկը։ Ընդ որում, նրանց կարողությունն ավելի մեծ է՝ ասում է դատախազը։

«Մնացած գործերով ընթացքում, բնականաբար, եղել են հաշտության համաձայնություն կնքելու կապակցությամբ բանակցություններ, սակայն այդ բանակցությունները չէին ավարտվել հաշտության համաձայնություն կնքելու որոշմամբ: Հնչեղ մարդիկ դեռ խուսափում են ակտիվները վերադարձնելուց», - ընդգծեց Ամիրխանյանը:

Հաշտության տարբերակը հնարավորություն է տալիս գործը դատարան չհասցնել, դատարանը առանց դատաքննության միայն հաստատում է այդ հաշտությունը։ Այդ դեպքում ապօրինի որակված գույքի առավելագույնը 25 տոկոսը մնում է քաղաքացուն։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին պաշտոնյայի դեպքում նրան կմնան ապօրինի որակված մայրաքաղաքի բնակարանը, թանկարժեք ավտոմեքենան, մայրաքաղաքում գտնվող շինությունը։ Կադաստրից ստացված տեղեկատվության համաձայն, պետությանը հանձնված հողամասը Մանուկյանը ձեռք է բերել 2006-ին, դրա կադաստրային արժեքը ավելի քան 33 միլիոն դրամ է, շուկայականը գնահատվել է՝ ավելի քան 80 միլիոն դրամ։

Մանուկյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա դատախազության խոշորացույցի տակ է հայտնվել 2021-ի վերջին մի քրեական գործից հետո։ Մեղադրվում է ֆեդերացիայից շուրջ 70 միլիոն դրամ յուրացնելու համար։ Դատախազության տվյալներով, այս պահին ապօրինի գույքի բռնագանձման 35 գործ դատարանում է՝ շուրջ 450 միլիոն դոլարի պահանջով։ Դատարան դեռ չի հասել ու դատախազությունում ուսումնասիրվում է մոտ 280 գործ։

XS
SM
MD
LG