Մատչելիության հղումներ

Հաղթել այս պատերազմում, նշանակում է վերականգնել երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները. Զելենսկի


«Ուկրաինան երբեք չի համաձայնի սառեցված հակամարտության հետ», - ասել է այսօր Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ հավելելով. - «Հաղթել այս պատերազմում, նշանակում է վերականգնել երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները»։

Բացի դրանից, Ուկրաինայի նախագահն այսօր կրկին հայտարարել է, որ երկիրը ինքնուրույն է որոշելու իր ապագան, և ինքնուրույն է կայացնելու Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին միանալու որոշումը. - «Ուկրաինան ինքն է դաշինքներ ընտրելու իր ապագայի համար: Ակնհայտորեն՝ Եվրամիությունը, ակնհայտորեն՝ ՆԱՏՕ-ն: Մենք պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակը հեշտ չի լինելու: Հիմա դեռ ոչ ոք չի կարող ասել, թե երբ ենք հասնելու այս հաղթանակին»։

Զելենսկին այսօր անդրադարձել է նաև Պրիգոժինի չստացված ապստամբությանը՝ շեշտելով, թե «անկայունության փուլ մտած Ռուսաստանը ինքը պետք է շահագրգռված լինի, որ իր հարևան Ուկրաինան լինի պաշտպանական դաշինքի անդամ, քանի որ ՆԱՏՕ-ն չի հարձակվում, միայն պաշտպանվում է։ ԵՎ ընդհանրապես, ասում է Ռուսաստանին արդեն մեկ ու կես տարի դիմադրող և հակահարձակման անցած Ուկրաինայի նախագահը, պետք է արդեն վերջ տալ վախենալ Պուտինից, նրանից նույնիսկ ներքին ուժերն իր երկրում չեն վախենում։

Ռուսաստանի նկատմամբ հաղթանակը նախապայման է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ ցանկացած բովանդակալից քննարկման համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սակայն այսօր կրկին շեշտել է, որ մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելը Ուկրաինան նախ պետք է հաղթի այս պատերազմում. - «Այսօր ամենահրատապ խնդիրն այն է, որ Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան պետություն։ Հիմնական ուշադրությունը պետք է դրվի Ուկրաինայի հաղթանակի ապահովման վրա։ Եվ դա նախապայման է Ուկրաինայի [ՆԱՏՕ-ին] անդամակցության վերաբերյալ ցանկացած բովանդակալից քննարկման համար»։

Ռուսաստանը շարունակում է ուկրաինական բնակավայրերի ինտենսիվ ռմբածությունները

Իսկ քանի դեռ Ուկրաինան Հյուսիսատլնատյան դաշինքի անդամ չէ, Ռուսաստանը շարունակում է ինտենսիվորեն ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը։

Երեկ երեկոյան Դոնեցկի մարզի Կրամատորսկի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է10-ի, այդ թվում՝ երեք երեխա։ 61 մարդ վիրավորվել է։

Ուկրաինայի գլխավոր դատախազի խոսքով, ռուսական զորքերը Կրամատորսկը գնդակոծել են երկու «Իսկանդեր» հրթիռներով։

Ավերվել է Ria Pizza ռեստորանը, որտեղ այդ պահին տասնյակ մարդիկ են եղել, հրթիռի հարվածից հետո հրդեհ է սկսվել։ Տուժել են նաև 18 բարձրահարկ շենքեր և 65 առանձնատուն, ինչպես նաև հինգ դպրոց, երկու մանկապարտեզ, առևտրի կենտրոն, հյուրանոց և այլ շինություններ։

Ընդ որում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդել է, թե Կրամատորսկ քաղաքում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 56-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարների ժամանակավոր տեղակայման կետը։

«Ահաբեկչության յուրաքանչյուր նման դրսևորում կրկին ու կրկին ապացուցում է մեզ և ամբողջ աշխարհին, որ Ռուսաստանն արժանի է միայն մեկ բանի՝ պարտություն և տրիբունալ, արդար և օրինական դատավարություն բոլոր ռուս մարդասպանների և ահաբեկիչների դեմ», - Գերագույն ռադայում ասել է Զելենսկին։

Ուկրաինական ուժերը առաջխաղացում են ունեցել բոլոր ուղղություններով

Իր ուղերձում նաև հավելել է, թե ուկրաինական ուժերը առաջխաղացում են ունեցել բոլոր ուղղություններով։

Կիևը արդեն մի քանի օր է պնդում է, թե ուկրաինական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Մելիտոպոլի, Բերդյանսկի և Բախմուտի ուղղություններով և հաջողության են հասել Բախմուտի մոտ։

Մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ասում է, թե վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի կողմից օկուպացված մի խումբ գյուղերի ազատագրումը Կիևի ծրագրած հակահարձակման «գլխավոր իրադարձությունը» չէր։

Financial Times-ին տված հարցազրույցում Ռեզնիկովը հաստատել է, որ ուկրաինական զորքերի հիմնական ռեզերվները, այդ թվում բրիգադների մեծ մասը, որոնք վերջերս վերապատրաստվել են Արևմուտքում և համալրված են ՆԱՏՕ-ի ժամանակակից տանկերով և զրահատեխնիկայով, հակահարձակման մեջ դեռևս ներգրավված չեն։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով, ուկրաինական հակահարձակման ընթացքում արդեն ազատագրել է մոտ 300 քառակուսի կիլոմետր տարածք, ինչը երկու անգամ ավելի է, քան պաշտոնապես հայտարարել է Կիևը։

XS
SM
MD
LG