Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը չի կարող մոռացության մատնվել. Ալեն Սիմոնյան


Վաղը Վաշինգտոնում մեկնարկող հայ-ադրբեջանական բանակցություններում հնարավոր է առաջընթաց գրանցել, քննարկումները բավական ինտենսիվ են ընթանում, և երկու կողմերի առաջարկներն էլ արդյունք են տալիս, այսօր խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առաջընթաց ակնկալել խաղաղության պայմանագրի շուրջ Միրզոյան-Բայրամով հերթական հանդիպումից:

«Առաջարկները և քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, և այդ փոփոխությունները մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ ես լիահույս եմ, որ էս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա», - ասաց Սիմոնյանը։

Չնայած ընթացող ինտենսիվ բանակցություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին չի հաջողվում համաձայնության գալ մի շարք սկզբունքային հարցերի, այդ թվում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման հարցում։

Պաշտոնական Երևանի համոզմամբ, այդ մեխանիզմի ստեղծումը թույլ կտա հասցեագրել Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերը։ Բաքուն, մինչդեռ, կտրականապես մերժում է Երևանի այս առաջարակը։ Ավելին՝ Վաշինգտոնում մեկնարկող բանակցություններին ընդառաջ Ադրբեջանի արտգործնախարարն անցած շաբաթ դարձյալ հայտարարեց՝ մերժում են Ղարաբաղի հայերին անվտանգության հավելյալ երաշխիքներ տրամադրելու Երևանի պահանջը։

Բայրամովը պնդել էր, թե առավելագույնը, որ կարող են ունենալ Ղարաբաղի հայերը, մշակութային ինքնավարությունն է, այսինքն՝ խոսել ու կրթվել իրենց լեզվով, եթե, իհարկե, ինտեգրվեն Ադրբեջանի հասարակությանն ու պետական կառույցներին։

Մինչդեռ Ազգային ժողովի նախագահի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը չի կարող մոռացության մատնվել։

«Դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինելու, դա իրենց ձեռք չի տալիս, որ էդ հարցերը չքննարկվեն, և վստահ եմ, որ ինչ-որ փուլի իրենք դրան կգան։ Նույնիսկ հիմա կարծում եմ, որ դա ուղղակի, բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո որպես բանակցային սկզբնական փուլ հետքայլերի համար է արվում», - ասաց Ազգային ժողովի նախագահը։

Հարցին, թե ի վերջո Բաքուն համաձայնելո՞ւ է այդ միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Սիմոնյանը պատասխանեց․ - «Մեզ համար հայության իրավունքների մասով կարևորագույն հարց է, որովհետև այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել, դա ինքնախաբեություն է, եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ ինքնախաբեությամբ զբաղվել, էլ չեմ ասում, որ այն, ինչ մենք հայտարարել ենք, մենք հետամուտ ենք լինելու այդ հայտարարություններին»։

Ճշտող հարցին, որ եթե չլինի ֆիքսված, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովվելու, Հայաստանը չի՞ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, ԱԺ նախագահը պատասխանեց․- «Խաղաղության պայմանագրի մեջ ես չգիտեմ՝ էդ մասը կներառվի, չի ներառվի, թե դա առանձին փաստաթուղթ կլինի։ Ես հիմա վստահ չեմ, որ մենք խաղաղության պայմանագրում դա պետք է ամրագրենք, այլ ոչ թե մեկ այլ փաստաթղթում, որտեղ որ երաշխավոր կհանդիսանա որևիցե երկիր կամ մի քանի երկրներ։ Ուստի, ուզում եմ ասել, որ եթե այդ հարցը չքննարկվեց, եթե այդ հարցի լուծումը չեղավ, էդ նշանակում է, որ առնվազն բանակցությունների մեծ մասը անիմաստ խոսակցություններ կարող են համարվել»։

Էթնիկ զտումներ անել Ադրբեջանի մոտ չի ստացվելու. Սիմոնյան

Շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու համար վարչապետն անցած շաբաթ երկու քայլ առաջարկեց՝ Լաչինի միջանցքը բացելու համար Միջազգային դատարանի որոշման կատարումը, ինչը Ադրբեջանը հրաժարվում է անել դեռ փետրվարից, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որի շուրջ, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չեն գալիս։

Ի՞նչ լրացուցիչ քայլեր է անում Երևանը հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված արցախցիներին օգնելու համար, ԱԺ նախագահն արձագանքեց. - «Եկեք չշտապենք, որովհետև մշտապես այդ առաջարկները, որ մատնանշեցիք, սեղանին են, և եկեք չշտապենք, տեսնենք՝ ինչ կլինի, որովհետև ես Ձեզ նորից եմ ասում՝ եթե այդ հարցը չլուծվի, Ադրբեջանի տեսանկյունից իրենք ջայլամի քաղաքականության տրամաբանության մեջ երկիրը պահել կամ էթնիկ զտումներ անել իրենց մոտ չի ստացվելու, առնվազն Հայաստանը Հանրապետությունը դա թույլ չի տալու և բոլոր միջազգային լծակները օգտագործելու է»։

Խաղաղության պայմանագրի շուրջ Միրզոյան - Բայրամով հանդիպումից առաջ Ալիևը դարձյալ հայերին անվանել է թշնամի, կրկին սպառնացել Հայաստանին Ադրբեջանի կողմից վերահսկվող բարձունքներից, հպարտացել, թե Հայաստանի առաջնորդները, որ ժամանակին ասում էին՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, հիմա կրկնում են իր խոսքը, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Հաշվի առնելով Բաքվից հնչող հայտարարությունները՝ արդյոք սկսված գործընթացն ի վերջո բերելո՞ւ է խաղաղության, ի պատասխան հարցին Ալեն Սիմոնյանն ասաց. - «Ի՞նչ ճանապարհով է ռեալ գնալը, կասե՞ք ինձ, այլընտրանքը ո՞րն է՝ հարձակման և չգիտեմ, ի՞նչ ճանապարհով է ճիշտ գնալը, ի՞նչ առաջարկ ունեք դուք, կամ մեր ընդդիմությունը, կամ որևիցե մի կողմ։ Ինչի՞ է բերելու բա...»։

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել են Վաշինգտոն։ Բաքվից հայտնել են, որ այս անգամվա բանակցություններն էլ նախորդի նման հնարավոր է մի քանի օր տևեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG