Հունիսի 28-ին` ժամը 1:30-ից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:
Հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Պաշտպանության բանակն ավելի ուշ մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ժամը 7-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը հրապարակեց զոհված զինծառայողների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան,
Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդագրություններ էր տարածել Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին, ինչը Ստեփանակերտը հերքել էր: Բաքուն պնդել էր, թե պատասխան գործողություններ է իրականացնում, գիշերվա իրադարձությունների վերաբերյալ էլ առայժմ միայն տարածել է հայկական կողմի հաղորդումը: