Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի տարածքում մեկ տոննա կոկաին հայտնաբերելուց հետո իրավապահները չեն հաղորդում՝ արդյոք քննում են մաքսայինի գործողությունները։ Հայտնի է միայն, որ քննություն է ընթանում հետախուզման մեջ գտնվող, նախկին հանրապետական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի և նրա աշխատակիցների մասով։
Պողոսյանի՝ բանան ներկրող «Մրգենի» ընկերության արկղերի մեջ էր ԱԱԾ-ն հայտնաբերել թմրամիջոցը։ Հայտնաբերումից հետո ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ մեկ տոննա կոկաինը անարգել մուտք է գործել Հայաստանի մաքսային սահմանով, և որ իր ենթակաները սահմանի վրա չեն հայտնաբերել այն։
«Ազատության» գրավոր հարցմանը, թե արդյո՞ք Բադասյանի այս հայտարարությունից հետո քննում են մաքսայինի հնարավոր դիտավորությունը կամ անփութությունը, Գլխավոր դատախազությունից միայն պատասխանել են, թե կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է՝ իրավապահներն, առանց նախաքննության գաղտնիք հաղորդելու, կարող են ասել, թե ինչ են անում այս ուղղությամբ։ Բայց տեղեկատվության բացակայությունը հակառակի մասին է վկայում։
«Առավել քան անձանց շրջանակը, որոնք մասնակցել են կամ որոնց կողմից իրականացվել է այդքան մեծ քանակով բանանի ներմուծումը, միայն ու միայն փաստաթղթերի հիման վրա կարելի էր ուղղակի բացահայտել», - ասաց Սաքունցը։
Այս աղմկահարույց դեպքից հետո կասկածներ էին շրջանառվում, որ բանանի անվան տակ կոկաինը ներկրվել է պաշտոնյաների համաձայնությամբ։
Սաքունցը կասկածում է՝ առանց նախնական համաձայնության անհնար էր մաքսազերծել և դրա ընթացքում չարձանագրել «Մրգենիի» ներկայացրած փաստաթղթերում բանանի քանակության և փաստացի արկղերի կշիռի միջև տարբերությունը։
«Տարբերությունը տալու էր հենց կոկաինի այն չափաքանակի մասին տվյալը, որը թաքցվել էր բանանի արկղներում», - ասաց Սաքունցը։
Իրավապաշտպանը նկատում է՝ առաջին անգամ չէ, որ բանան է ներմուծվում, ու մաքսավորները շատ լավ պետք է հասկանան, թե ինչի հետևանք կարող է լինել կշիռների տարբերությունը։ Իսկ եթե չեն ստուգել բեռը, ապա դա ևս հարցեր է առաջացնում, որոնց պետք է անդրադառնան իրավապահները։
Կոկաինի աղմկահարույց գործով մեղադրյալ Միհրան Պողոսյանի նկատմամբ նորից հետախուզում է հայտարարվել։ 2018-ից գործող «Մրգենի» ընկերության իրական սեփականատեր Պողոսյանը կկալանավորվի, եթե Ռուսաստանը, որտեղ նա գտնվում է, թույլ տա արտահանձնել նրան։
Ռուսաստանը կոռուպցիոն այլ գործերով անցնող Պողոսյանին մեկ անգամ մերժել է արտահանձնել։ Վերջինս տեսաուղերձներով պնդել է, թե «Մրգենի»-ի բանանի արկղերում եղած կոկաինի մասին անձամբ ինքն է հայտնել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, մինչդեռ ԱԱԾ-ն մեղադրանքի սլաքներն ուղղում է հենց իրենց դեմ։ Իրավապահներն առայժմ չեն հայտնում՝ արդյո՞ք Պողոսյանի արտահանձնման հարցով դիմել են Մոսկվային։