Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքեր, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ ծառայության քննչական գլխավոր վարչությունում մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ԱԱԾ-ում:
Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում: