Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Միհրան Պողոսյանը թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրությանն իր մասնակցությամբ ձեռք բերված 1 միլիոն 190 հազար դոլարի ծագման իրական աղբյուրը՝ այդպիսով օրինականացրել այն:
«Քրեական գործի շրջանակներում նախկին Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է՝ հանցավոր ճանապարհով ստացած առանձնապես խոշոր չափով գույքն օրինականցնելու համար», - փոխանցեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը:
Ըստ ՀՔԾ-ի, Միհրան Պողոսյանը իր կողմից փաստացի կառավարվող մի շարք ընկերությունների, նաև «Քեթրին Գրուպի» հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերված 1մլն190 հազար դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, այն օրինականացնելու նպատակով փողը որպես փոխառություն փոխանցել «Քեթրին Գրուպի» հաշվեհամարին և օգտագործել ընկերության ընթացիկ գործերի, նաև վարկերը մարելու համար:
ՀՔԾ մանրամասնում է նաև, որ Միհրան Պողոսյանի ու փաստացի իրեն պատկանող «Քեթրին Գրուպի» միջև ձևական պայմանագիր է կնքվել, որով Պողոսյանը ֆինանսական օգնություն տրամադրելու անվան տակ 500 հազար դոլար անտոկոս փոխառություն է տրամադրել «Քեթրին Գրուպին», ապա այդ գումարը փոխանցել ընկերության բանկային հաշվեհամարին:
Բացի այս, Պողոսյանի կողմից կառավարվող, Պանամայի օֆշորում գրանցված ընկերության և «Քեթրին Գրուպի» միջև կնքված անտոկոս փոխառության պայմանագրով Պողոսյանի լիազոր անձը 690 հազար դոլար է փոխանցել նույն «Քեթրին Գրուպի» հաշվեհամարին:
«Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քրեական գործողություններ», - ասաց Օհանջանյանը:
Փողերի լվացումը Քրեական օրենսգրքի երրորդ հոդվածն է, որով Միհրան պողոսյանը որպես մեղադրյալ է նեգրավվել: Ըստ Հատուկ քննչական ծառայության, ԴԱՀԿ ծառայության նախկին պետը պաշտոնավարման տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Այս տարվա ապրիլին ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան` Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանը կալանքի որոշում էր կայացրել։
Միհրան Պողոսյանն այժմ հետախուզման մեջ է, բայց Ռուսաստանի դատախազությունը անհնար էր համարել նրան արտահանձնելը Հայաստանի իրավապահներին:
Վերջին իրադարձություններին Պողոսյանը արձագանքում է հեռվից՝ քաղաքական հայտարարություններով: