Ռուսաստանի հայերն ու Հայաստանից Ռուսաստան մեկնողները տագնապած են, շունչները պահած հետևում են երեկվանից երկրի հարավում տեղի ունեցող զարգացումներին։
«Ազատության» հետ զրույցի պահին Գարիկ Աբրահամյանը դեպի Վորոնեժ ճանապարհին էր, հորեղբոր ընտանիքին հյուր էր գնում, վերջին պահին չէր կարող չեղարկել ուղևորությունը։
«Վերջին անգամ խոսացել եմ 20 րոպե առաջ հորեղբորս տղայի։ Հեռախոսով չուզեցավ ասի, ասաց՝ համ լավ է, համ վատ է, հլը տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում։ Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի», - պատմեց նա։
Ընտանեկան ուրախ առիթի շտապող երիտասարդը մտադիր էր երեք օրից վերադառնալ, բայց հիմա հարց է՝ նույնիսկ կկարողանա՞ մտնել քաղաք. - « Առիթ ունեի, գնում էի, առիթը փչացավ»։
Դեպի Ռուսաստան ուղևորափոխադրում իրականացնող Հայկ Խաչատրյանը Վորոնեժ կհասնի ո՛չ հիմնական ճանապարհով. - «Երկրորդական ճանապարհով... Մ4-ով չենք գնալու, գնալու ենք հետևի փողոցներով, անվճար ճանապարհ է»։
«Ազատության» մեկ այլ զրուցակից, որ չցանկացավ ներկայանալ ու Վորոնեժում էր գործի բերումով, ուղարկեց քաղաքին շատ մոտ տեղի ունեցած պայթյունի տեսագրությունները։ Այնտեղ նավթային ամբարում հրդեհ է բռնկվել: Կրակը, ըստ հաղորդումների, բռնկվել է պայթյունից հետո, համացանցում հրապարակված կադրերում նաև ուղղաթիռ է երևում, սակայն հայտնի չէ՝ արդյոք այն որևէ կապ ունի պայթյունի ու հրդեհի հետ:
Չնայած սրվող լարվածությանը, Վորոնեժի հայ երտասարդների միության ղեկավար Արսեն Մհերյանը զգուշավոր էր խոսում, ասաց միայն, որ քաղաքում հանգիստ է, ինքն էլ աշխատանքի վայրում է. - «Ցավոք սրտի, ոչ մի ինֆորմացիա չեմ կարող տալ»։
Վորոնեժում սեփական բիզնեսով զբաղվող Տիգրանի խոսքով էլ՝ նույն առօրյան է, իրենց շրջակայքում, ասաց, կռիվ չկա։
«Այստեղ ամեն ինչը փակ է, խանութները դատարկված են, կրկեսը տեսնո՞ւմ ես՝ դրա մոտ դիպակահարներն են նստած», - այս ձայնագրությունն «Ազատությանն» է ուղարկել աղբյուրը Վորոնեժից, որը հակառակը պատկերն է նկարագրում։ Հանգստյան օրը մարդիկ չեն կարողացել տներից դուրս գալ, ով էլ դուրս է եկել՝ շատ կարճ ժամանակով, հասցրել է նկարել քաղաքում շրջող զինվորականներին։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Վորոնեժի ու Ռոստովի մարզերում, որտեղ «Վագները» վերահսկողություն է հաստատել տեղի ռազմական օբյեկտների վրա, միասին շուրջ 350 հազար հայ է ապրում։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր զանգահարել է տեղի հայկական կազմակերպություններին, ճշտել նրանց կարիքները։ Տարհանման մասին առայժմ խոսք չկա։
«Ես զրուցել եմ Դոնի Ռոստովի հայկական համայնքի ղեկավարի հետ, ասաց՝ մեկ-մեկ կրակոցներ են լինում քաղաքի կենտրոնում, բայց ժողովուրդը, հայերը տներում են մնում, դուրս չեն գալիս», - ասաց նա։
Սինանյանին Դոնի Ռոստովի հայ համայնքից փոխանցել են, որ որևէ բանի կարիք դեռ չունեն. - «Բնական է, որ մեր հայրենակիցները երբ վտանգված են, մենք՝ որպես պետություն, որպես հայության հայրենիք, բարոյական պարտականություն ունենք այդ մարդկանց բեռը թեթևացնելու»։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտնեց, թե Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն աշխատում է շուրջօրյա, և խնդիր ունեցողները կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով։