Մատչելիության հղումներ

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների ցանկում կան հայկական ընկերություններ


Հայաստանում, Սիրիայում, Չինաստանում, Ուզբեսկտանում, ԱՄԷ-ում գրանցված ընկերություններ են հայտնվել հակառուսական պատժամիջոցների ցանկում։

Բրյուսելն այսօր հաստատել է սանկցիաների 11-րդ փաթեթը՝ նպատակ ունենալով կանխել երրորդ երկրների միջոցով արգելված ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Եվրամիությունը 87 նոր ընկերություն է ներառել ցանկում։ Դրանք, ըստ Բրյուսելի, ուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի բանակին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Մինչ այս նման որոշում ԵՄ-ն ընդունել էր հենց Ռուսաստանում կամ Իրանում գրանցված ընկերությունների նկատմամբ։ Այս անգամ սանկցիաների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ փաստորեն ընդգրկելով նաև Հայաստանը։ Բրյուսելն առայժմ այս շուրջ 90 տասնյակ ընկերությունների ցանկը չի հրապարկել , բայց նշել է, որ դրանք ԵՄ-ից արտահանման ավելի խիստ սահմանափակումների կենթարկվեն։

Պարզ չէ, թե Հայաստանում գրանցված քանի ընկերություն է տեղ գտել պատժամիջոցների ցանկում։

Ավելի վաղ Հայաստանում գրանցված երկու ընկերություն հայտնվել էին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանցից մեկը էլեկտրոնիկա է վաճառում, մյուսն աշխատում է քիմիկատների ոլորտում։

Հակառուսական սանկցիաների նոր փաթեթը հաջորդում է Բրյուսելի՝ Կրեմլին պատժամիջոցների հարցում չօգնելու ուղիղ նախազգուշացմանը։ Եթե նախկինում հիմնականում ամերիկյան կողմն էր նման հայտարարություններ անում, ապա անցած ամիս Բրյուսելը ևս մատնացույց արեց Եվրամիությունից մի շարք երկրներ և հետո այդ երկրներից դեպի Ռուսաստան արտահանման զգալի աճը՝ նշելով նաև Հայաստանի անունը։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022-ին ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1,9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 760 միլիոն էր՝ 2,5 անգամ պակաս։ Աճել է հատկապես էլեկտրոնայն սարքերի ներմուծումը Հայաստան։

ԵՄ-ն հայտարարում է, որ արգելված ապրանքները Ռուսաստան հասցնելը կանխելու համար նոր գործիք կկիրառի։ Բայց թե հսկողական ինչ նոր եղանակի մասին է խոսքը, Եվրամիությունը չի հստակցնում։

«Կոնկրետ պետությունների առևտրային ցուցանիշների թռիչքային աճը լուրջ ապացույց է, որ Ռուսաստանը փորձում է շրջանցել պատժամիջոցները։ Սա մեզ ստիպում է կրկնապատկել մեր ջանքերը և մեր հարևաններից է'լ ավելի սերտ համագործակցություն ակնկալել», - հայտարարում է եվրամիությունը։

Պաշտոնական տվյալներով, անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2021-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը։

Երևանը մշտապես պնդում է, թե Հայաստանն արևմտյան պատժամիջոցները չի շրջանցում։ Վարչապետ Փաշինյանն անցած ամիս ընդունել էր՝ արևմտյան երկրների հետ հանդիպումներում այս հարցը դրվում է հայկական կողմի առջև։ Հավաստիացրել էր՝ իրենք բոլոր ուղղություններով աշխատում են, որպեսզի և սանկցիաները չխախտվեն, և պահպանվեն գործընկերային հարաբերությունները Արևմուտքի ու Ռուսաստանի հետ. - «Արևմտյան մեր գործընկերների հետ անընդհատ հաղորդակցության մեջ ենք, որպեսզի նաև տեսնենք, ի վերջո Հայաստանը թափանցիկ երկիր է, մեր բոլոր թվերի մեջ երևում է, բոլոր եկած-գնացած և այլ բաները, մենք հո սև առևտրով չենք զբաղվելու, և այդ առումով հաղորդակցության մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, տեղական ընկերությունների հետ, պետական կառավարման մարմինների հետ, որպեսզի մաքսիմալ ճիշտ կարողանանք դիրքավորվել»։

Բրյուսելը այսօր հայտարարեց, որ խստացնում է նաև ավիացիայում կիրառովող ու բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման հսկողությունը, որպեսզի դրանք Ռուսաստանում չհայտնվեն։ Չթվարկելով տեսակները՝ ԵՄ-ն նաև ամբողջությամբ արգելում է մեքենաների որոշ պահեստամասերի արտահանումը։

XS
SM
MD
LG