Մատչելիության հղումներ

Ծխախոտի վաճառք՝ միատեսակ տուփերով, առանց ապրանքանիշի անվանման և ծխախոտ հիշեցնող որևէ նշանի


Եկող տարվա հունվարի 1-ից ծխախոտը վաճառվելու է միատեսակ տուփերով, առանց ապրանքանիշի անվանման և ծխախոտ հիշեցնող որևէ նշանի։ Հակածխախոտային օրենսդրությունն աստիճանաբար է ուժի մեջ մտնում։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Մարիամ Մնացականյանն ասում է՝ այս սահմանափակման նպատակն է նվազեցնել ծխախոտի վաճառքը։ Սրան նախորդել էին հանրային վայրերում ծխելու արգելքը, խանութներում ծխախոտի փակ ցուցադրությունը։ Մասնագետի կարծիքով՝ այս որոշմամբ արդեն ծխախոտի գովազդի հարցը կլուծվի, «իսկ տուփի վրայի նկարները՝ դա ամենաուժեղ մարկետինգային քայլերից մեկն է ծխախոտային արտադրության»:

Մինչ պաշտոնյան պնդում է, որ դա գովազդ է ու չպիտի երևա, Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովն ընդգծում է՝ այս արգելքը խախտում է Եվրասիական տնտեսական միության կանոնակարգը։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վկայակոչում է տնտեսական դաշինքի պայմանը, որ ծխախոտը պետք է վաճառվի առողջությանը պատճառած վնասները պատկերող նկարներով, ուստի իրենց ընդունած օրենքը, որ տուփը պետք է տարբերակիչ չունենա, հակասում է դրան:

«Մենք ի՞նչ ենք անելու՝ օրենքը հետ ենք փոխելու, համապատասխանենք ԵԱՏՄ տեխկանոնակարգի՞ն, ԵԱՏՄ-ին համոզելու ենք՝ փոխել տեխկանոնակարգն ու դարձնել մե՞րը, թե՞ գնալու ենք, խնդրենք, ասենք՝ մի երկու տարի էլ Հայաստանի համար այս նույն ռեժիմը պահպանեք», - ընդգծում է Թունյանը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ անգամ արդյունք չեն տալիս արդեն գործող սահմանափակումները, որ վերջին տարիներին ընդունել է Կառավարությունը, նույնիսկ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եղան, որ ծխախոտի ակցիզային հարկը տարեցտարի բարձրանա: «Շատ քիչ ազդեցություն ունեցավ, ընդհանուր առմամբ, ծխելու կամ ծխախոտի սպառման ծավալների վրա», - ընդգծում է տնտեսագետը:

Պարսյանի կարծիքով՝ նույնկերպ որևէ ազդեցություն չի ունենա նաև տուփերի փոփոխությունը. ծխողը կշարունակի ծխելը։ Եվ հակառակը՝ հակածխախոտային այս արշավից կշահեն հայտնի ու խոշոր ընկերությունները, որոնց մասին սպառողները գիտեն և կարիք չունեն տուփերի վրա այլ անվանումներ փնտրելու. - «Ծխախոտային ընկերություններ քիչ են առաջանում, այդ հները, օգտվելով այս այսպես ասած գովազդային սահմանափակումներից, իրենք շուկայում ճանաչված են և շարունակում են ավելի շատ ծխախոտ վաճառել, իսկ նոր տնտեսվարողները ուղղակի չեն կարողանում շուկա մտնել, քանի որ այդ գովազդի հնարավորությունները չկան ինչպես նախկինում»:

Հանրային առողջության մասնագետը հակադարձում է՝ գովազդի արգելքի հիմնական հասցեատերերը չծխողներն են։

Հայաստանում անցած տարվա առաջին եռամսյակում 4 միլիոն սիգարետ է արտադրվել, այս տարի այդ ցուցանիշը գրեթե 4.7 միլիոն է՝ 16.5 տոկոսով ավելին:

Արդյո՞ք օրենքի այս կիրառումը կնվազեցնի ծխախոտի վաճառքը. «Ազատության» անցկացրած հարցման մասնակիցներն այդ հարցում լավատես չէին:

Հանրային առողջության գլխավոր կազմակերպիչը, սակայն, ընդգծում է՝ այս փոփոխությունների արդյունքների համար տարիներ են անհրաժեշտ, ինչպես եղել է աշխարհի շատ երկրներում:

«Մի 5 տարի հետո մենք ակնկալում ենք արդյունքներ: Իհարկե, կարող է նույն արդյունքները չունենանք, բայց իհարկե կունենանք արդյունքներ», - ասում է Մարիամ Մնացականյանը:

Վերջին տվյալներով՝ ծխում է Հայաստանի բնակչության 28 տոկոսը։

XS
SM
MD
LG