Մատչելիության հղումներ

Հակածխախոտային կարգավորումներից մեկ տարի անց. դրա արտադրությունն ընդլայնվել է


Մեկ տարի է Հայաստանում ծխախոտի ցուցադրական վաճառքն ու հանրային սննդի վայրերում ծխելն արգելված է։ Թե դրանից հետո ծխողների թիվը որքանով է պակասել, դժվար է ասել․ այս փոփոխությունից հետո նոր վիճակագրական տվյալներ դեռ չեն հրապարակվել, բայց հստակ է, որ ծխախոտի արտադրությունը դրանից հետո ընդլայնվել է։

Եթե անցած տարվա առաջին եռամսյակում 4 միլիոն հատ սիգարետ էր արտադրվել, ապա այս տարի ցուցանիշը գրեթե 4.7 միլիոն է՝ 16.5 տոկոսով ավելին։

Ինչ են նկատել քաղաքացիները՝ ըստ «Ազատության» հարցման։

«Հակառակն ավելի շատ… աղջիկները, կանայք նստում են փողոցում, ծխում են», - ասում է նրանցից մեկը, մյուսը՝ ավելացնում. - «Չէ, ես ավելի շատ եմ ծխում»։

Երրորդի խոսքով. - «Ով ուզում է, ծխում է, ով չէ, չէ»։

Թվերի աճը կարող է մի քանի պատճառ ունենալ՝ արտահանումն է ավելացել, Հայաստան են տեղափոխվել հազարավոր ռուսաստանցիներ և այլն, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ միաժամանակ արձանագրելով՝ փաստացի, ծխախոտի սպառումը Հայաստանում շատացել է։

«Օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են հանրային վայրերում ծխախոտի օգտագործման արգելքին, գովազդին և այլ միջոցներին, էապես չեն ազդել ծխախոտի սպառման ծավալների կրճատման վրա, ճիշտ հակառակը՝ կարող ենք արձանագրել, որ սպառողների թիվն ավելի է շատացել։ Կարծում եմ՝ այստեղ զուտ հարկային քաղաքականության կամ սահմանափակումներով հնարավոր չէ, ավելային խորքային հետազոտություններ կամ միջոցառումներ պետք է արվեն», - նշեց նա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտության համաձայն՝ Հայաստանի չափահասների մեկ քառորդը ստաբիլ ծխող է։ Ավելի վաղ իրականացված մեկ այլ ոսումնասիրությունը ցույց է տվել՝ նրանք օրական մեկ տուփից էլ շատ են ծխում։

«Որպեսզի այս պատկերը փոխվի, ժամանակ է պետք և հետևողական աշխատանք», - հայտարարում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. - «Հաջորդ հետազոտությունը, որպեսզի տեսնենք շարժը և փոփոխությունը, պիտի տարիներ անցնեն, գոնե 5 տարի պիտի անցնի, որ մենք նորից մոնիտորինգ անենք և տեսնենք՝ ինչ ազդեցություն են տվել բոլոր այս միջոցառումները»։

Սահմանափակումների վերահսկողությունը պատվիրակված է ոստիկանությանն ու տեսչական մարմիններին։ Խախտումների դեպքում տուգանքներ են նախատեսված, ծխախոտի գովազդի համար՝ 750-ից 800 հազար դրամ, տեսանելի վայրում վաճառելու դեպքում՝ 150-ից 200 հազար դրամ։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը վստահեցնում է՝ խիստ են. - «Բնականաբար, գնալով իրավախախտումները նվազում են, մեր վերահսկողությունը գնալով հիմա ավելի է շատացել, եթե համեմատենք անցյալ տարվա հետ, համեմատելու չեն թվերը. այս տարվա մարտի դրությամբ 360 վարույթ միայն այդ մասով ենք հարուցել, ու արդյունքները դեպի դրական են գնում, արդյունք նկատի ունեմ խախտումների բացակայության մասով»։

Մասնագետներն, իրենց հերթին, պնդում են, թե սահմանափակումներից ու տուգանքներից բացի, պետք է հնարավոր ամեն առիթով խոսել ծխախոտի վնասակարության մասին։

«Մեծ նշանակություն ունի, որ այլ պրոֆիլի մասնագետներն էլ իրենց կողմից, օրինակ, եթե ինչ-որ պացիենտ դիմում է, պայմանական վերցրած՝ սիրտ-անոթային համակարգի խնդրով, իրենք էլ իրազեկեն, որ ծխախոտի գործածումը կարող է բերում այս խնդիրներին», - ասում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի դիսպանսեր ծառայության ղեկավար Հարություն Սիմոնյանը։

Նրանք, որ որոշել են թողնել ծխելը, կարող են դիմել կախվածությունների բուժման ազգային կենտրոն և բուժման կուրս անցնել։ Այս տարվանից հատուկ թեժ գիծ է գործում՝ անվճար։ Դիմողների թիվը, սակայն, առանձնապես մեծ չէ, ասում է դիսպանսեր ծառայության ղեկավարը. - «Օրինակ՝ մեկ ամսում 10-20 պացիենտ դիմելություն կա, այսինքն՝ ամեն ամիս 10-20 պացիենտ դիմում է։ Բուժման տեսանկյունից քիչ տվյալներ ունենք, որովհետև շատ հաճախակի պացիենտներն ուղղակի նշանակումներ են կատարում, ու իրենք կապ են ունենում հոգեբանի հետ»։

Զանգերին պատասխանում է հոգեբան - խորհրդատու Տաթևիկ Ստեփանյանը, նա մեկ այլ խնդիր է մատնանշում՝ միջավայրը. -

«Լիքը մարդիկ կան, որ ցանկանում են դադարեցնել, բայց հայտնվելով այնպիսի միջավայրում, որտեղ հիմնականում ծխողներ են, շարունակում են իրենց այդ վնասակար սովորությունը պահպանել»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ ամեն տարի ծխախոտը Հայաստանում ավելի քան 5500 մարդ է սպանում։ Կառավարությունը մեկ տարի առաջ հայտարարել էր, թե նախատեսում է հակածխախոտային այս սահմանափակումներով մինչև 2026 թվականը ծխողների թիվը կրճատել առնվազն 4 տոկոսով։

XS
SM
MD
LG