Մատչելիության հղումներ

Երևանյան վաճառակետերի ծխախոտի դարակները փակ են. ուժի մեջ են մտել հակածխախոտային կարգավորումները


Հունվարի 1-ից հակածխախոտային օրենքի պահանջով փակեցին Հայաստանի բոլոր վաճառակետերի ծխախոտի դարակները, համենայն դեպս երևանյան խանութներում բաց պահարաններ չհանդիպեցինք։

Խանութներում անկեղծանում են՝ ցուցափեղկերը բաց, թե փակ, միևնույնն է վաճառքի ծավալի վրա չի ազդել։

«Հաճախորդները կողմնորոշված են իրանց ծխախոտների մեջ, բոլորն իրենց ծխախոտերը գիտեն», - նշեց խանութներից մեկի աշխատողը:

Երկու տարի առաջ ընդունված ու «հակածխախոտային» անունը ստացած օրենքը Հայաստանում մշակվում էր դեռ 2016-ից, ընդունումը, սակայն, անընդհատ հետաձգվում էր, պատմում է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, պատճառը չեն թաքցնում։

«Հայաստանի Հանրապետությունում միշտ ծխախոտային արդյունաբերությունը եղել է ուժեղ, երբեմն նա կարողացել է ազդել որոշումների վրա, երբեմն այդ աստիճանի չի կարողացել ազդել որոշումների վրա: Այս պահին կարող եմ ասել, որ մեզ մոտ հաջողվեց, լուրջ հաջողությունների հասանք: Թե ինչպես մենք կներդնենք այդ օրենքը, կախված է նաև մեզնից», - նշեց ձայն Բազարչյանը:

2020-ին վերջապես ընդունվեց օրենքը, դրա գլխավոր նորամուծությունը, սակայն ծխախոտերի՝ խանութների ամենատեսանելի հատվածում ցուցադրումն ու հանրային վայրերում ծխելու արգելքը ուժի մեջ է մտնում միայն այս տարի՝ 2022-ին, համապատասխանաբար հունվարի 1-ից և մարտի 15-ից։

Հակածխախոտային նման արգելքներն աշխարհի տասնյակ երկրներում վաղուց արդեն նորություն չեն, ավելին Հայաստանը աշխարհի փոքրաթիվ երկրների շարքում է, որտեղ հանրային վայրերում հանգիստ կարելի էր ծխել։

«Երկու շատ ուժեղ գործիք է, որը կազդի, անշուշտ կազդի և այն գիտական հենքը, որ կար, երբ որ մենք մշակում էինք այս օրենքի նախագիծը և այն փորձը, որը մեզ ներկայացրին այն երկրները, որտեղ այդ օրենքները կիրառվում էին, և այդ օրենքները գործում էին վաղուց: Մենք կունենանք լուրջ արդյունքներ ծխախոտի օգտագործման հետ կապված», - ասաց Ալեքսանդր Բազարչյանը:

Ծխելու՝ առողջության վրա առաջացրած բացասական հետևանքների մասին Հայաստանում հետազոտությունների պակաս չկա։ ՄԱԿ-ի և Առողջապահության նախարարության վերջին զեկույցի համաձայն՝ ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունները Հայաստանի տնտեսության համար ամեն տարի առաջացնում են ավելի քան 273 մլրդ դրամի ծախսային բեռ՝ ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսի չափով։ Ծխելու հետ առնչություն ունեցող հիվանդությունները տարեկան հանգեցնում են 5500 մարդու մահվան, որի մի մասը սրտի իշեմիկ հիվանդության, մյուս մասը՝ թոքերի քաղցկեղի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հետևանքով: Ընդ որում, մահերի կեսից ավելին վաղաժամ են։

Բազարչայնը վստահենցում է նույնքան վտանգավոր են էլեկտրոնային կամ նիկոտինային այլ արտադրատեսակները. «Ինքը նիկոտինային կախվածությունը պահող, նիկոտինային կախվածություն առաջացնող, հետևաբար, կախվածություն առաջացնող ծխախոտային ապրանքատեսակ է: Նույն սահմանափակումներն են ինչպես տաքացվող ապրանքատեսակների վրա, այնպես էլ տրադիցիոն ծխախոտային ապրանքատեսակների վրա, այնպես էլ էլեկտրոնային: Բոլորը հավասարեցված են և բոլոր սահմանափակումները ունեն», - ներկայացրեց Բազարչյանը:

Երևանի մեզ հանդիպած կրպակներում ու սուպերմարկետում հասցրել էին փակել նաև ոչ ավանդական ծխախոտային արտադրատեսակների դարակները, դրանք այլևս ծամոնների ու շոկոլադի վերևի հատվածի լուսարձակող դարակներում չէին։ Աչքից հեռու, սակայն հասանելի. արդյոք նոր խստացումը հնարվո՞ր է հանգեցնի ծխողների թվի կրճատման, քաղաքում կարծիքները կիսվում էին։

XS
SM
MD
LG