Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը Թուրքիային կոչ է անում չարգելափակել Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին


Յենս Ստոլտենբերգը շնորհավորում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին ինագուրացիայի օրը, Անկարա, 3 հունիսի, 2023թ.
Յենս Ստոլտենբերգը շնորհավորում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին ինագուրացիայի օրը, Անկարա, 3 հունիսի, 2023թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ասել է, որ Շվեդիան կատարել է դաշինքին անդամակցելու հարցով ստանձնած բոլոր պարտավորությունները: Այդ մասին Ստոլտենբերգն ասել է Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցելուց հետո:

«Շվեդիան կատարել է բոլոր պարտավորությունները, իրականացվել են կոնկրետ քայլեր, և օրենքներում փոփոխություններն են մտցվել: Ես ընդունում եմ, որ ցույցերը Շվեդիայում խնդիրներ են առաջացրել: Հավաքներ կազմակերպելու և կարծիքներ հայտնելու ազատությունը պետք է պաշտպանվեն և հարգվեն, բայց այդ ցույցերի կազմակերպիչները փորձում են խոչընդոտել Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին»,- ասել է Ստոլտենբերգը:

Նրա փոխանցմամբ, Էրդողանի հետ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Շվեդիայի հարցով մշտական համատեղ հանձնախմբի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 12-ին:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ Թուրքիան դեռ ժամանակ ունի մինչև Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար:

Անկարան դեռ արգելափակում է Շվեդիայի միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին, պահանջելով, որ Ստոկհոլմն արտահանձնի Թուրքիայում ահաբեկիչներ համարվող անձանց, ովքեր քաղաքական ապաստան են ստացել Շվեդիայում:

Ստոկհոլմը հայտարարում է, որ այդ անձանց հարցը կարող է միայն շվեդական դատարանը լուծել, և այն գտնվում է կառավարության լիազորությունների շրջանակից դուրս:

Ստոլտենբերգն Անկարա է մեկնել հունիսի 3-ին Էրդողանի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG