Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է անում պաշտոնական Անկարային խոչընդոտներ չհարուցել Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին։
Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է երեքշաբթի երեկոյան՝ Շվեդիա կատարած այցի շրջանակներում։
«Մենք կոչ ենք անում Թուրքիային, ինչպես նաև Հունգարիային, որը ևս չի վավերացրել [Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին] փաստաթուղթը, շուտափույթ կերպով հաստատել այն։ Շվեդիան պատրաստ է դաշինքին անդամակցելուն և խոչընդոտներ հարուցելու որևէ պատճառ չկա։ Այս որոշումը կայացնելու պահը հիմա է», - հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022 թվականի հուլիսի 5-ին էին ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները։ Թուրքիան, սակայն, արգելափակեց անդամակցության գործընթացը՝ երկու սկանդինավյան երկրներից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին և չեղարկել Անկարային զենքի արգելքը։
Այս ապրիլին Էրդողանը ստորագրեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ Շվեդիայի հարցում Թուրքիան շարունակում է առարկություններ ունենալ։