Մատչելիության հղումներ

Մոսկվայում «ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու վերականգման հարցում»


Պաշտոնական Երևանը կառուցողական է համարում երեկ Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի 12-րդ նիստը։

Ըստ Հայաստանի կառավարության՝ գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:

Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Ճիշտ նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաև ռուսական կողմը։

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների քիշնևյան բանակցություններից հետո հայտարարվեց, որ Մոսկվայում կհանդիպեն փոխվարչապետերը՝ քննարկելու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել էր, որ հանդիպմանը, մասնավորապես, կքննարկեն սահմանահատման ընթացակարգին վերաբերող հարցեր։

Բրյուսելյան հանդիպումից հետո էր նաև ընդգծվել, որ կողմերը հստակ առաջընթաց են արձանագրել հաղորդակցության ու տնտեսական ուղիների բացման հարցում։ Մասնավորապես, ըստ Եվրոպական խորհրդի նախագահի, դիրքորոշումները շատ են մոտեցել դեպի Նախիջևան և Նախիջևանով երկաթգծի վերագործարկման հարցում: Երկրների ղեկավարներն իրենց թիմերին հանձնարարել էին ավարտին հասցնել համաձայնությունը երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցով։ Կողմերը, ըստ Շառլ Միշելի համաձայնել են նաև դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը։

2021-ի ավարտին նախ Սոչիում, ապա Բրյուսելում կողմերը հստակ հայտարարեցին Խորհրդային Միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածության մասին։ Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG