Մատչելիության հղումներ

Հրաժարվում է արդյո՞ք Ադրբեջանի նախագահը բրյուսելյան պայմանավորվածություններից. Փաշինյանը պարզաբանում է պահանջում


Վարչապետ Փաշինյանի համոզմամբ՝ Ալիևի երեկվա հայտարարություներից հետո և' միջազգային գործընկերները, և' Բաքուն պետք է պարզաբանում տան։

Ալիևը երեկ Լաչինում բնակիչների հետ հանդիպմանը մի շարք սպառնալից հայտարարություններ արեց։ Մասնավորապես, նա պնդեց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա։

«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ ՝ Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաև երևում են Հայաստանի գյուղերը», - սպառնացել էր Ալիևը։

«Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանը, և այդ մասին հայտարարել է Եվրամիությունը, պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունները։ Առնվազն հասկանալի չեն էս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում, որ այստեղ և' Ադրբեջանը, և' միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Եվ ես կարծում եմ, պարոն Միրզոյան, մենք իսկապես մեր գործընեկներից պետք է այս հարցի պատասխանը ստանանք։ Որովհետև եթե էդ նշանակում է հրաժարում... Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ, էստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք», - այսօր խորհրդարանում նշեց Փաշինյանը։

Ալիևի և Փաշինյանի այս հայտարարությունները հնչում են Քիշնևում հունիսի 1-ին կայանալիք հնգակողմ հանդիպումից առաջ, որտեղ, ինչպես այսօր վստահեցրեց Հայաստանի վարչապետը, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի. - «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»։

Մինչ Հայաստանի իշխանությունը խոսում է Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության ու արցախահայերի անվտանգության միջազգային մեխանիզմի կաևորության մասին, Ալիևը ուղղակի սպառնում է արցախցիներին՝ պահանջելով լուծարել պետական մարմինները. - «Բոլորին լավ հայտնի է, որ մենք հնարավորություն ունենք այդ տարածքում ցանկացած օպերացիա իրականացնել։ Այդ պատճառով [Արցախի] խորհրդարանը պետք է ցրվի, այն էլեմենտը որն իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուս պաշտոնյանները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում կարող է ամնիստիայի մասին խոսք լինել»։

Արցախի պաշտոնյաների հրաժարականից բացի, Ալիևը պնդել է, թե Բաքուն Արցախի անկախության ու կարգավիճակի հարցը փակել է՝ հորդորելով արցախցիներին ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. - «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, անջատողականության վերջը եկել է: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը, դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։

Պաշտոնական Ստեփանակերտը այսօր հակադարձել է Ալիևին

Պաշտոնական Ստեփանակերտը այսօր հակադարձել է Ալիևին։ Մասնավորապես, արձագանքելով պետական ատրիբուտները լուծարելու հայտարարությանը, Արցախի նախագահի խոսնակը «Արցախպրեսին» փոխանցել է. - «Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով։ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և փաստորեն այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը»:

Արցախի խորհրդարանի իշխող և ընդդիմադիր ուժերը պնդում են, որ չեն պատրաստվում կատարել Ադրբեջանի նախագահի պահանջները և պատրաստ են պայքարել իրենց պետական խորհրդանիշների համար։

Իշխող խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանի համոզմամբ, Ալիևի հայտարարությունները Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն են։ Մասնավորապես, երբ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, Ալիևն էլ կարող է նման հայտարարություններ անել։

Դանիելյանը հնարավոր չի համար, որ ինչպես Ալիևն է նշում, Արցախում ինչ-որ գործողությունների իրականացվեն։ Նրա կարծիքով, ռուս խաղաղապահները կկանխեն նման գործողությունները։

Իսկ Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանի համոզմամբ, Ալիևի ճնշումներն ու սպառնալիքները է'լ ավելի ուժգնացան, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում. - «Խոսակցությունները Նիկոլ Փաշինյանի կողմից, որ իրենք պայքարելու են, որպեսզի մեր անվտանգությունը և իրավունքները ապահովվի, կամ ինչ-որ երկխոսությունների մասին են խոսում, բոլորը Արցախը Ադրբեջանին հանձնելու պրոցեսի գեղեցիկ փաթեթավորումն է»։

Երեք օրից Քիշնևում առաջնորդների մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցելու են նաև Եվրոպական խորհրդի նախագահն ու Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։ Պաշտոնական Երևանը բանակցություններից առաջ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Արցախը, բայց նաև կարևոր է համարում արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG