Մատչելիության հղումներ

«ՌԴ ՊՆ ղեկավարների հետ համեմատած Բարոն Մյունխհաուզենի կերպարը խամրում է»․ Պրիգոժինը՝ Մոսկվային


«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարների հետ համեմատած Բարոն Մյունխհաուզենի կերպարը խամրում է», - համոզված է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը՝ մեկնաբանելով պաշտոնական Մոսկվայի այն հայտարարությունները, որոնց համաձայն ռուսական ուժերին հաջողվել է հետ մղել երկար սպասված ուկրաինական հակահարձակումը՝ այդ ընթացքում հակառակորդի առնվազն 1500 զինծառայող սպանելով։

«Մեկ օրում 1500 մարդ ոչնչացնելու համար մոտավորապես 150 կիլոմետր երկարությամբ տարածքի վրա անասելի ջարդ պետք է տեղի ունեցած լիներ։ Կարծում եմ, որ նման վիճակագրությունը պարզապես վայրի ֆանտաստիկայի ժանրից է։ Նման տեմպերով մենք շուտով այլմոլորակայիններին կհասնենք», - երեկ հեգնում էր Պրիգոժինը։

«Վագների» հիմնադրի հերթական սկանդալային հայտարարությունից մի քանի ժամ անց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ներկայացրեց հակառակորդի կորուստների նոր վիճակագրությունը՝ կրկին հայտարարելով, թե ուկրաինական հարձակումը հետ է մղվել։

«Երեք օրերի ընթացքում ուկրաինական վարչակազմը վաղուց խոստացված հարձակում ձեռնարկեց ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ այդ նպատակով մեծ թվով կենդանի ուժ և տեխնիկա կենտրոնացնելով։ Իր նպատակներին հակառակորդը չհասավ՝ ծանր կորուստներ կրեց, որոնք համադրելի չեն մեր կողմից արձանագրված զոհերի հետ։ Երեք օրվա ընթացքում ուկրաինական ուժերի կորուստները կազմել են մինչև 3 հազար 715 զինծառայող, 52 տանկ, 207 զրահամեքենա, 5 օդանավ, 2 ուղղաթիռ, 48 դաշտային հրանոթ և 53 անօդաչու թռչող սարք», - հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ եռօրյա մարտերի ընթացքում ռուսական կողմը 71 զոհ և շուրջ 200 վիրավոր է տվել։

«Եթե Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակահարձակումը կասեցվել է, ուրեմն այն կասեցվել է։ Պաշտպանության նախարարության և գեներալ Կոնաշենկովի հայտարարություններից դատելով՝ մենք վաղուց արդեն ջախջախել ենք առնվազն բոլոր եվրոպական բանակները։ Այնպես որ, բոլոր հակահարձակումները հետ են մղվել, որևէ մեկը Ռուսաստանի հետ այլևս ի վիճակի չէ կռվել», - Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչներին ակնհայտորեն ծաղրելով՝ հայտարարում էր Պրիգոժինը՝ կարծիք հայտնելով, որ ուկրաինական հարձակումը դեռ չի էլ մեկնարկել։

Պրիգոժինի համոզմամբ, այժմ ուկրաինացիները փորձում են գտնել ռուսական պաշտպանության թույլ կետերը՝ հետագայում հենց այդ ուղղություններով առաջխաղացում ապահովելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG