Մատչելիության հղումներ

Կարծում եմ, որ ուկրաինացիներն այսօր ամենաուժեղ բանակներից մեկն ունեն աշխարհում. Պրիգոժին


«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժին
«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժին

Պուտինի մտերիմ գործարար, «Վագների» ղեկավար, Ռուսաստանի հերոսի կոչում ստացած Եվգենի Պրիգոժինը կոշտ քննադատում է ռուսական բանակը և գովում ուկաինական բանակը։

Երեկ երեկոյան Պրիգոժինը հերթական սկանդալային հարցարզրույցն է տվել Կրեմլին մոտ կանգնած բլոգեր Կոնստանտին Դոլգովին ու ասել, թե Ռուսաստանի նախաձեռնած «հատուկ օպերացիան» չի հանգեցրել այն արդյունքներին, որոնց վրա հույսը էր դնում Մոսկվան. - «Եթե հատուկ գործողության սկզբում պայմանական 500 տանկ ունեին ուկրաինացիները, այսօր 5000-ն ունեն։ Եթե նրանք ունեին 20 հազար մարդ, ովքեր կարող էին հմտորեն կռվել, ապա հիմա 400 հազարն ունեն։ Կարծում եմ, որ ուկրաինացիներն այսօր ամենաուժեղ բանակներից մեկն ունեն աշխարհում։ Նրանք ունեն բարձր կազմակերպվածություն, բարձր պատրաստվածություն, բարձր ինտելեկտ, ունեն տարբեր զինատեսակներ»։

Հարցազրույցում Պրիգոժինը նաև չափազանց կոշտ քննդատել է Շոյգուին և հայտարարել. - «Եթե չլինեն լուրջ փոփոխություններ ռուսական բանակում, ռուսներն այս պատերազմում կպարտվեն»։

Պաշտպանության նախարարությանը քննադատում են նաև ռուսաստանցի բլոգերները

Այս օրերին Բելգորոդի մարզում երկու օր առաջ տեղի ունեցած մարտերի համար Պաշտպանության նախարարությանը քննադատում են նաև ռուսաստանցի բլոգերները։ Այսօր էլ նույն Բելգորոդի մարզի Գրայվորոն անցակետի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է պետական РИА Новости-ն։ Գործակալության տվյալներով, ոչ ոք չի տուժել։ Telegram Shot ալիքն էլ գրում է, որ անցակետը գնդակոծվել է։

Մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով, գիշերը Ուկրաինայի զինված ուժերը բազմաթիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Բելգորոդի մարզի վրա։ Գլադկովի պնդմամբ, դրանց մեծ մասը ՀՕՊ-ը խոցել է, զոհեր և վիրավորներ չկան, վնասվել են մեքենաներ, առանձնատներ, գրասենյակային շենքեր։


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, թե Ուկրաինայի տարածքից Բելգորոդի մարզ ներխուժած զինված խմբավորումների դեմ գործողության ընթացքում սպանվել է այդ խմբավորումների ավելի քան 70 մարտիկ և ոչնչացվել է մեծ թվով զինտեխնիկա և մեքենաներ։

Սերգեյ Շոյգուն այսօր այս տեղեկությունը կրկնել է. - «Ոչնչացվել է ավելի քան 70 ուկրաինացի ահաբեկիչ, ինչպես նաև մեքենաներ և զրահատեխնիկա»։

Ներխուժման պատասխանատվությունը ստանձնած «Ռուսաստանի կամավորական կորպուսը» և «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնը սակայն հերքել են սա՝ պնդելով, թե իրենք զոհեր չունեն։

Հակահարձակումը սկսելու համար Կիևն արդեն ունի բավարար սպառազինություն

Ռուսաստանի տարածքի վրա հարձակումները ակտիվացել են հատկապես վերջին շաբաթներին, երբ թե' ուկրաինական, թե' ռուսական կողմերը սպասում ուկրաինական հայտարարված հակահարձակմանը, որը սկսելու համար Կիևն արդեն ունի բավարար սպառազինություն։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը երեկ ճապոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում շեշտել է, թե Կիևը չի ուզում ժամանակ կորցնել. - «Մեր քաղաքացիներից շատերը դեռ գտնվում են ռուսական օկուպացիայի տակ, և մենք չենք ուզում ժամանակ կորցնել: Մենք արդեն ունենք նվազագույն անհրաժեշտ քանակությամբ զենք և այլ տեխնիկա: Ես կարող եմ միայն ասել, որ հակահարձակումը շուտով կսկսվի»։

Մոսկվան դեմ է պատերազմը սառեցնելուն

Մինչդեռ այսօր Մոսկվան հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայի հետ պատերազմը սառեցնելուն։ Այս հարցում Կրմելը «համերաշխ» է Արևմուտքի հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ Politico ամսագիրը հայտնել էր, որ պատերազմի սառեցումը Վաշինգտոնը դիտարկվում է որպես իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներից մեկը։

Դմիտրի Պեսկովն այսօր պնդել է, թե Մոսկվան ուզում է «կա՛մ հատուկ ռազմական օպերացիայի, կա՛մ հասանելի այլ միջոցներով» հասնել իր նպատակներին այս պատերազմում, այլ ոչ թե սառեցնել այն։ Թե ինչ է նշանակում այլ միջոցներով, Պեսկովը չի մանրամասնել։

Կրեմլը նախկինում հայտարարում էր բանակցություններին իր պատրաստակամության մասին, թեև առաջ էր քաշում Կիևի և Արևմուտքի համար անընդունելի պայմաններ։

Մինչ Կրեմլի խոսնակը խոսում է պատերազմում նպատակներին հասնելու մասին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Կիևում հայտարարում է՝ Պուտինը պետք է գիտակցի, որ չի կարող հաղթել իր սանձազերծած պատերազմում. - «Նախագահ Պուտինը պետք է գիտակցի, որ չի կարող հաղթել այս անօրինական պատերազմում, որը նա սանձազերծել է՝ անկախ նրանից, թե որքան ռուս զինվոր է նա մահվան ուղարկում հանուն իր էգոյի և կայսերական նկրտումների։ Նրան չի հաջողվի։ Միջազգային հանրությունը դիմակայելով այս ագրեսիային միայն ուժեղանում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG