Մատչելիության հղումներ

Պրիգոժին. «Կրեմլը ձախողել է Ուկրաինայի ապառազմականացման ծրագիրը»


«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժին, արխիվ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժին, արխիվ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, թե Կրեմլն ամբողջությամբ ձախողել է 2022 թվականին նախաձեռնած «հատուկ ռազմական օպերացիայի» երկու նպատակները:

Առաջինը պատերազմի սկզբնափուլում հանրությանը ներկայացվել է իբրև «Ուկրաինայի ապառազմականացում»:

«Կրեմլը հասել է հակառակին, և հիմա Ուկրաինայի բանակն աշխարհում ամենահզորներից մեկն է և զիջում է միայն «Վագներ»-ին, իսկ ազդարարված երկրորդ նպատակը՝ «դենացիֆիկացիան», ուկրաինացիներին դարձրել է ազգ, որը հիմա ամբողջ աշխարհին է հայտնի», - ասել է Պրիգոժինը ռուսաստանցի քաղաքական խորհրդատու Կոնստանտին Դոլգովին տված հարցազրույցում:

Պրիգոժինը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը:

Նրա խոսքով, ուկրաինական բանակն ունի կազմակերպվածության, մարտական պատրաստության և հետախուզության բարձր մակարդակ և զանազան զինատեսակներ:

«Նրանք {ուկրաինացի զինծառայողները} լավ են տիրապետում բոլոր զինատեսակներին՝ խորհրդային, թե ՆԱՏՕ-ից, ինչ էլ լինի՝ հաջող են աշխատում», - ասել է Պրիգոժինը:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինայի ռազմական հզորության մակարդակի բարձրացմանը նպաստել են նաև «Ռուսաստանի անգրագետ գործողությունները»:

Նա չի բացառել, թե այս հակամարտությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմին, ինչպես տեղի է ունեցել 1917 թվականին, երբ նախ ապստամբել են զինծառայողները, հետո էլ՝ նրանց ազգականները:

Պրիգոժինի համոզմամբ, հիմա Ռուսաստանին անհրաժեշտ են նոր զորահավաքներ, և «պետք է մի քանի տարի ապրել Հյուսիսային Կորեայի կերպարով»:

XS
SM
MD
LG