Մատչելիության հղումներ

Ալիևն ու Օվերչուկը Բաքվում քննարկել են հաղորդակցությունների բացման հարցեր


Ալիև-Օվերչուկ հանդիպում Բաքվում, 24-ը նոյեմբերի, 2021թ․
Ալիև-Օվերչուկ հանդիպում Բաքվում, 24-ը նոյեմբերի, 2021թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի կայքը։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության աճը», - ասված է հայտարարության մեջ։

Օվերչուկը Բաքվում է «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով համաժողովի շրջանակներում։

Ինչպես Ալիևի գրասենյան է նշում, այսօր մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Զրույցի ընթացքում «շոշափվել է փոխվարչապետերի մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ հանձնաժողովի գործունեությունը, քննարկվել են հաղորդակցությունների բացման հետ կապված հարցեր»։

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում և կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդները համաձայնության են եկել: Փոխվարչապետերի հանդիպումը կայացավ, սակայն հանդիպումից հետո այդպես էլ հայտարարություն չեղավ։ Տրանսպորտային ապաշրջափակման հարցում առաջխաղացման մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են երկու օր առաջ՝ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո։

XS
SM
MD
LG