Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումը շարունակվել է և այսօր պատմական նվազագույն ցուցանիշ է արձանագրել:
Բանկերում 1 ամերիկյան դոլարը վաճառվել է 20.0872 լիրայով, ինչը գրեթե 1 լիրայով շատ է անցած շաբաթվա ցուցանիշից:
Վերջին մեկ տարում թուրքական լիրան արժեզրկվել է մոտ 23 տոկոսով: Իսկ Թուրքիայի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը մոտ 9 տոկոս է կազմել, ինչը նվազագույն ցուցանիշն է այս տարվա հունվարի համեմատությամբ:
Փորձագետներից շատերի համոզմամբ, վերջին տարիներից սկսված լիրայի արժեզրկումը քաղաքական և տնտեսական գործոններից զատ բացատրվում է նաև բանկային տոկոսադրույքը հետևողականորեն իջեցնելու Կենտրոնական բանկի քաղաքականությամբ, որը երկրի գլխավոր ֆինանսական կառույցին անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է պարտադրում:
Մարտ ամսին տարեկան սղաճը Թուրքիայում հասել է 50.5 տոկոսի, փետրվարին այն 55.2 տոկոս էր:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Էրդողանը հավաստիացրել է, որ սղաճի ծանր հետևանքների դեմ պայքարը կդառնա իր պաշտոնավարման երրորդ ժամկետում առաջնահերթ խնդիրներից մեկը: