Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամով 18:00-ին) նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն ավարտվել է, սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:
Al-Jazeera-ն նշում է, որ Թուրքիայում էքզիթ-փոլեր չեն անցկացվում, ժամեր անց կսկսվի նախնական արդյունքների հրապարակումը:
Նույն լրատվամիջոցը հաղորդում է ընտրախախտումների ահազանգերի մասին, այդ թվում՝ հարձակումներ դիտորդների վրա, անճշտություններ ընտրացուցակներում: Խախտումների ահազանգեր են ստացվել այդ թվում Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից՝ երկրի երեք խոշորագույն քաղաքներից:
Երկրորդ փուլ են անցել մայիսի 14-ի ընտրություններում առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Էրդողանը երկու շաբաթ առաջ ստացել է քվեների 49,51 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը:
Քվեների 5.17 տոկոսով երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանն օրեր առաջ հայտարարեց գործող նախագահին սատարելու մասին:
Արտասահմանում Թուրքիայի ընտրողների քվեարկությունն ավարտվել է մայիսի 24-ին: