Մատչելիության հղումներ

«Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք». Փաշինյան


«Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք», - այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Հայաստանի վարչապետը, պնդելով, որ եթե հաջողվի Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա, գուցե, իր բնորոշմամբ, այդ վկայականը ստանանք։

Վարչապետն ընդունեց ընդդմիությունից հնչող այն քննադատությունը, թե Հայաստանը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները թե՛ Արցախի և թե՛ անկլավների մասով ու փոխարենը ոչինչ չի ստանում։ Բայց ինչպես Փաշինյանը պնդեց՝ Հայաստանը շանս է ստանում իր տարածքի սեփականատերը դառնալ դե յուրե։

«Մենք բոլորս հասկանո՞ւմ ենք, որ մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, ընդ որում, Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե: Մենք ապրում ենք մի տեղ, որտեղ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որը մտածում է, որ երբ ուզի՝ կասի մի հատ հավաքվեք ստեղից դուրս եկեք, և մենք այդ ժամանակ չենք կարա ասենք՝ հլը մի րոպե, կադաստրի վկայականը.... եթե էդ ստացվի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցով ինստիտուցիոնալ բանակցային պրոցես, այո, այս պահին մենք ոչ մի բան չենք ստացել, շանս ենք ստացել, որ կարանք ստանանք ինչ-որ բան, բայց մենք շարունակում ենք մնալ այդ ռեժիմում՝ առանց կադաստրի վկայականի: Մենք՝ բոլորս, Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, բոլորս ուզում ենք հաղթահարենք տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է՝ պետություն՝ միջազգայնորեն ճանաչված, դեմարկացված և դելիմիտացված սահմաններով», - հայտարարեց Փաշինյանը:

Արձագանքելով վարչապետի հայտարարությանը՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց, թե «դա պրիմիտիվ մարդու բացատրություն է, որը կարիք ունի, երբ մի բարդ բանի հետ առնչվում է, թարգմանել իր համար ավելի հասկանալի կենցաղային տերմիններով»՝ ընդգծելով. - «Նրա պրիմիտիվությունը և անգրագիտությունը վտանգի տակ է դնում Հայաստանը»:

«Ազատության» հարցին՝ վարչապետի ասածից չի՞ հասկացվում, որ մենք պետություն չունենք, չենք էլ ունեցել, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ Փաշինյանի հայտարարությունները ընդհանրապես որևէ բան նշանակում են, որովհետև ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում, և Հայաստան պետության գոյությունը բացարձակապես կախված չի Նիկոլ Փաշինյանի անգրագետ բնորոշումներից»:

Հայաստանի վարչապետը այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ ճանաչում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ մտնում է նաև Արցախը։ Փաշինյանը փորձեց բացատրել, թե ինչու է դա անում։

«Ադրբեջանն ունի շատ հստակ խոսույթ, ասում է՝ եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, և այս խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ: Հիմա այստեղ մենք պետք է որոշում կայացնենք. շատ լավ, մենք կարող ենք ասել, որ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ-ն, և մեր կարծիքով՝ Ադրբեջանը ոչ թե 86,6 հազար քառ. կմ է, այլ 45,7 հազար քառակուսի կիլոմետր է, իրենք էլ կասեն՝ շատ լավ, ուրեմն մեր կարծիքով էլ Հայաստանը ոչ թե 29,8 հազար քառակուսի կիլոմետր է, այլ 8 հազար 700 քառակուսի կմ է: Հիմա նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանն 86,6 հազար քառակուսի կմ չի, այլ -X թիվ է, նրանք միևնույն ժամանակ ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր չի, այլ մինուս ինչ-որ X թիվ, ինչքան թիվ է, էդ էլ կորոշվի նրանից, թե ՀԱՊԿ-ում այդ օրն ինչ տրամադրություն է տիրում», - ասաց վարչապետ:

Անկլավների մասին

Անդրադառնալով անկլավներին՝ Փաշինյանը պնդեց՝ եթե հարցը դիտարկում ենք խաղաղության տեսանկյունից, ապա դա տեխնիկական կազմակերպչական հարց է։ Պատմեց, թե անկլավների մասին իր կուսակիցների հետ վերջերս ունեցած քննարկման ժամանակ շեշտել է, որ պետք է փոխել այդ հարցի հոգեբանական ընկալումը, հաշվի առնելով, որ խնդրի շուրջ պարբերաբար լարվածություն է ստեղծվում։

«Եթե մենք իրոք խոսում ենք խաղաղության մասին, դա ընդամենը տեխնիկական կազմակերպչական հարց է, որը շատ մեծ ռազմավարական խորք չունի: Եթե մենք խոսում ենք պատերազմի մասի, այո, դա շատ սուր հարց է, եթե՝ խաղաղության մեջ, հարցն այդքան ծանր չի», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Վարչապետը մանրամասնեց՝ անկլավների հարցը ունի քաղաքական և իրավական կողմ, և քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում Ալիևի հետ եղել է խոսակցություն, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են անկլավների գոյությունը։ Այսինքն՝ որ կա Արծվաշեն, որը պատկանում է Հայաստանին և անկլավներ, որոնք Հայաստանի տարածում են և պատկանել են Ադրբեջանին։

«Այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք, և ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն նրանցից մի քանիսի հետ կապված: Լուծելու երկու տարբերակ կա. տարբերակներից մեկ՝ որը սահմանից այն կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից էս կողմ է, գտնվում է սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում, կամ եթե կողմից մեկը չի ուզում, օրինակ, էս էլ է հարց, այդտեղ նախ որևէ բան որոշված չի և այն ինչ-որ կորոշվի, եթե օրինակ, կլինի հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, ես կգամ, կասեմ, որ այդ հարցի լուծումը հստակ պայմանավորվել ենք, այսպես է: Այդ թեմայի վերաբերյալ որևէ վերջնական համաձայնեցում չկա, կան մտքեր, տարբեր գաղափարներ, որոնցից ոչ մեկը մերժված չի», - ասաց նա:

Փաշինյանի ձևակերպմամբ՝ անկլավների հարցի շահառուն է նաև Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը, և վերջերս այս համայնքի բնակիչների հետ հանդիպմանը վստահեցրել է, թե կոնկրետ լուծում իրենց մասով դեռ չկա։

«Ոսկեպարն ամենաշահառու համայնքներից մեկն է այդ խնդրի, ինքը երկու կողմից է շահառու՝ և՛ ճանապարհի մասով է շահառու, և՛ անկլավներից մեկը գտնվում է իր հարևանությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG