Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարում է՝ անհեռատես քայլերով, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանությունները արցախցիներին կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկման առջև։ Արցախի անկախությունը, Հայաստանի տարածքները ենթակա չեն սակարկությունների, ասված է խորհրդի այսօր ընդունած հայտարարության մեջ։
«Գերագույն Հոգևոր Խորհուրդը դատապարտելի և անընդունելի է նկատում խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները», - նշում է Մայր Աթոռը։
Հայաստանի վարչապետը երեկ ասուլիսին հայտարարեց, որ Երևանը պարաստակամ է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչել, միաժամանակ շեշտեց, թե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։ Արցախի խորհրդարանն անընդունելի և առոչինչ է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնցում, ինչպես արցախցի օրենսդիրներն են ձևակերպում, «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու դրա իրացման փաստը»։ Փաշինյանի ասուլիսից ժամեր անց՝ երեկ ուշ երեկոյան Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ հրավիրեց ու միաձայն հայտարարություն ընդունեց։ Քիչ առաջ էլ Արցախի նախագահը հանդես եկավ ուղերձով՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից կամ հայտարարությունից։
Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է իշխանություններին՝ հրաժարվել, իրենց ձևակերպմամբ, «պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ»։