Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, Մոսկվայում, «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումը առավել ինտենսիվորեն առաջ կընթանա։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը խոսել է նաև1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները:
Անդրադառնալով ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում՝ Լաչինի միջանցքում, 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանն՝ ԱԽ քարտուղարը շեշտել է՝ դա 2020 նոյեմբերիի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Արմեն Գրիգորյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդնել ուղարկելու անհրաժեշտությունը:
Հայաստանի գործադիրի ղեկավարը, երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստամություն հայտնեց՝ միաժամանակ շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։
Փաշինյանը կարևոր համարեց այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։ «Ի՞նչ նկատի ունենք։ Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։ Եվ մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու», - ասաց Փաշինյանը։