Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել Երևանին և Բաքվին․ ԱՄՆ պաշտոնյա


ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն իր առաջարկներն է ներկայացրել ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։

Հոգանն ասել է, որ խաղաղության գործընթացն առաջ է գնում։

Նա հիշեցրել է Վաշինգտոնում տեղի ունեցած քառօրյա բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, որի ընթացքում ամենավիճելի հարցերի շուրջ քննարկում է եղել։

«Օրինակ՝ սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն դաշնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը», - ասել է պաշտոնյան՝ ընդգծելով՝ Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել վիճելի հարցերի շուրջ, որոնք կողմերն ուսումնասիրում են:

Բարձր գնահատելով Եվրոպական Միության դերը՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը նշել է, որ կողմերն առաջիկայում կհանդիպեն Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական Միության նախագահի հետ՝ քննարկելու, թե ինչ է հարկավոր անել վերջնակետին հասնելու համար:

Դերեկ Հոգանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նշելով, որ պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում այդ հարցի առնչությամբ:

XS
SM
MD
LG