Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից ժամեր առաջ կողմերը հաղորդում են հրադադարի խախտումների մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր երեկոյան հայտնեց, որ ժամը 17:20-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը թիրախավորել է Նորաբակի հայկական դիրքը՝ կիրառելով ականանետ։ Հայկական կողմը, ըստ գերատեսչության, կորուստներ չունի։
Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ արդեն ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կրակոցներից Սոթքում վիրավորում ստացած 20-ամյա զինծառայող Էդգար Սուլեյմանյանը մինչև հոսպիտալ տեղափոխվելը մահացել էր։ Նա Սիսիանից էր, համայնքի ղեկավարն այսօր «Ազատությանն» ասաց, որ 20-ամյա զինծառայողը դեկտեմբերին էր զորացրվելու։ Ադրբեջանական կրակոցներից վիրավորում էր ստացել նաև վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի բուժակը։ Նախարարությունից այսօր տեղեկացրին՝ բուժակն արդեն դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում։
Փաշինյանը Բաքվին մեղադրում է լարվածության հրահրման համար
Սահմանային լարվածությանն այսօր կառավարության նիստի ընթացքում Հայաստանի վարչապետն է անդրադարձել։ Փաշինյանը, մեղադրելով Բաքվին լարվածության հրահրման համար, վերստին կարևորել է սահմանից զորքերի հետքաշման անհրաժեշտությունը։
«Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի՝ Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին։ Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ, և ունենք զոհեր։ Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ՝ կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին՝ ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը, և մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել», - նկատեց նա։
Բաքուն, մինչդեռ, հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման ու ադրբեջանական դիրքերն անօդաչուներով թիրախավորելու համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե տարածաշրջանում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է:
«Մարտի 18-ին՝ ժամը 7:15-ին, Հայաստանի զինված ուժերը մարտական անօդաչու թռչող սարք են կիրառել Քելբաջարի շրջանի Ելիջ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի մի քանի դիրքերի ուղղությամբ», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերից նետված ոչ գործարանային արտադրության արկերի մնացորդներ։ Միևնույն ժամանակ, ըստ ադրբեջանական կողմի, ենթադրյալ հարվածների հետևանքով իրենց կողմում զոհեր չկան։
Բաքուն փորձում է ուժեղացնել իր դիրքերը բանակցային գործընթացում. պատգամավոր
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն Մոսկվայում են։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից ավելի վաղ հայտնել էին՝ Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը վաղը Մոսկվայում քննարկելու են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռակարները՝ հաշվի առնելով տարածաշրջանի դինամիկ իրավիճակը։ Բանակցությունների օրակարգից այլ մանրամասներ կողմերը չեն հաղորդում։
Սահմանային լարվածություններ հրահրելով՝ Բաքուն փորձում է ուժեղացնել իր դիրքերը բանակցային գործընթացում, անդրադառնալով անցած շաբաթվանից շարունակվող սահմանային լարվածությանը՝ կարծիք է հայտնում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը վերջնական պայմանավորվածության գալուց առաջ փորձում է ուժեղացնել իր դիրքերը։ Սա առաջին հերթին ունի ռազմական նշանակություն», - ասաց նա։
Սահմանային այս լարվածությունը, ըստ Տիգրան Աբրահամյանի, ցույց է տալիս, որ անգամ բանակցություններում հայտարարվող որոշակի առաջընթացը երաշխիք չէ, որ սահմանային սադրանքներ չեն լինի։
«Անկախ նրանից, որ անընդհատ հայտարարվում է, որ առաջընթաց կա գործընթացում, որ մոտ են կողմերը թեկուզ սկզբունքների շուրջ համաձայնության և այլն, սա որևէ ձևով երաշխիք չի ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար, որ տեղի կունենա իրավիճակի լիցքաթափում, իսկ առաջնագծում լարվածություն, սրացումներ կամ էսկալացիոն իրադարձություններ տեղի չեն ունենա», - կարծում է պատգամավորը։
Հայ-ադրբեջանական սահմանի՝ Գեղարքունիքի հատվածում իրավիճակը լարվել էր նաև անցած շաբաթ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից առաջ։ Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ մայիսի 11-ից 12-ը տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմը հայտնել էր 1 զոհի, 8 վիրավորի մասին։ Ադրբեջանական կողմը, իր հերթին, հաղորդել էր 2 զոհի և 1 ծանր վիրավորի մասին։