Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել, արխիվ

ԱՄՆ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահության հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ ու բաց տեղաշարժ և առևտուր: Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը՝ մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում», - ասել է Պատելը:

Նա, սակայն, մանրամասներ չի հաղորդել իրականացվող դիվանագիտական գործողությունների և այս կապակցությամբ խոսակցությունների վերաբերյալ:

Ադրբեջանցիները կիրակի օրը փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:

XS
SM
MD
LG