Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը դեմ չէ Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և իրեն այդ մարմնում ընդգրկելու գաղափարին


Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայան
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն օրերս կազմակերպած հանրահավաքում պահանջում էր իրեն պետնախարար նշանակել, սկզբունքորեն դեմ չէ Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և այդ մարմնում իրեն ընդգրկելու գաղափարին։ Բաբայանի մամուլի ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նա պատրաստ է քննարկել առաջարկը՝ հասկանալու այդ մարմնի լիազորություններն ու գործառույթները։

Սամվել Բաբայանը նաև դեմ չէ որևէ մեկի՝ այդ թվում, նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի հետ համագործակցությանը։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ապա, ինչպես փոխանցեցին Բաբայանի մամուլի ծառայությունից, այս պահին Սամվել Բաբայանն այդ հարցին չի անդրդառանում, քանի որ այս փուլում քննարկվում է Պաշտպանության կոմիտեի ստեղծման միջոցով կառավարաման նոր մոդելի հնարավորությունը։

1992-ին Արցախում ստեղծված Պաշտպանության կոմիտեի օրինակով կառավարման մոդել ձևավորելու առաջարկով երեկ հանդես եկավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ ընդգծելով, որ եթե այդ տարբերակը չաշխատի, ապա նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա։

Պաշտպանության պետական կոմիտեին այն ժամանակ Արցախում կատարել է գործադիր եւ մասամբ օրենսդիր իշխանության գործառույթները։ Կոմիտեի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ում վրա դրված էին վարչապետի պարտականությունները:

Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյան

«Ես մոդել եմ առաջարկել։ Այդ մոդելը հետևյալն է. ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինն եմ առաջարկել, որը մեզ փրկել է 90-ական թվականներին։ Դա Պետական պաշտպանության կոմիտեն է։ Եվ երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու և ես չգիտեմ նրանց կարծիքը։ Շատ հնարավոր է, որ հրաժարվեն։ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին։ Ինչո՞ւ։ Հարցեր մի տվեք։ Պարոն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք», - հայտարարել է Արթուր Թովմասյանը։

«Մենք հիմա մեր Սահմանադրությունից ոչ մի քայլ չենք կարող շեղվել». Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեռևս ուղիղ չի արձագանքել Արցախի Ազգային ժողովի նախագահի առաջարկին, սակայն այսօր ֆեյսբուքյան իր էջում անուղղակի, առանց անուններ տալու շեշտել է , որ այս պահին չեն կարող թույլ տալ նույնիսկ սովորական քաղաքական կոնֆլիկտ կամ ճգնաժամ։

Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան

«Սա պետք է հասկանան բոլորը՝ և՛ նրանք, ովքեր հրաժարական տալու տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, և՛ նրանք, ովքեր Հայաստանում իրենց թույլ են տալիս անզգույշ հայտարարություններ անել։ Մենք հիմա մեր Սահմանադրությունից ոչ մի քայլ չենք կարող շեղվել։ Եթե մեզ թույլ տանք կասկածի տակ առնել, թե ում իշխանությունն է լեգիտիմ, իսկ ումը՝ ոչ, ապա հենց վաղը թշնամին օգուտ կքաղի դրանից։ Ուստի կոչ եմ անում բոլորին՝ պետության ղեկավարին, խորհրդարանի ղեկավարին, կուսակցությունների ու քաղաքական ուժերի առաջնորդներին և անգամ ինքս ինձ, չտրվել զգացմունքներին և չփնտրել որևէ անսպասելի լուծումներ իրավական դաշտից դուրս։ Իշխանությունն Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել», - գրել է Վարդանյանը։

Ի դեպ, երեկ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սամվել Բաբայանին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, թե անցած 9 ամիսների ընթացքում Բաբայանին ընդամենը մեկ անգամ է տեսել, երբ վերջինս քաղաքացիների հետ հանդիպմանը ներկայացրել է իր տեսլականը. - «Իր հանդիպումն էր քաղաքացիների հետ, որին ներկա էին 35 հոգի մարդ։ Ինքը ներկայացրեց իր տեսլականը, որը շատ կարճ էր, 25 րոպե էր և հասկանալի չէր ում համար, ոնց էր»։

Ի պատասխան, Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը պահանջում է Արցախի հանրային հեռուստատեսությամբ բանավեճ կազմակերպել Բաբայանի ու Վարդանյանի միջև, որպեսզի վերջիններս ներկայացնեն Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման իրենց տեսակետներն ու ծրագրերը։ Առանց անուններ տալու, Ռուբեն Վարդանյանն այսօր «քաղաքական բանավեճեր» նախաձեռնողներն հորդորել է քաղաքական կոնֆլիկտներից զերծ մնալ և միասնություն դրսևորել։

«Ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան խուսափել ներքաղաքական ճգնաժամից». Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան

Ավելի քան հինգ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում Արցախում հումանիտար ճգնաժամին զուգահեռ հնարավոր քաղաքական ճգնաժամի մասին խոսում է նաև նախագահը։ Սամվել Բաբայանի հանրահավաքից, Ազգային ժողովի նախագահի առաջարկից ու Ռուբեն Վարդանյանի հայտարարություններից հետո Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ շարունակում է քաղաքական խորհրդակցությունները, որի շրջանակներում այսօր հանդիպել է խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավորներին։

«Խորհրդակցությունների ավարտին ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան խուսափել ներքաղաքական ճգնաժամից և չխարխլել պետականության հիմքերը», - նշել է Արցախի նախագահը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG