Մատչելիության հղումներ

«Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց»․ Արայիկ Հարությունյան


Բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց, այսօր Արցախի կառավարության նիստի ժամանակ վերահաստատել է նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով՝ անկախ դժվարություններից և կիրառվող տարբեր ճնշումներից՝ հավատարիմ են մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու:

Միևնույն ժամանակ, ըստ Արցախի նախագահականի, Հարությունյանը շեշտել է՝ դա չի նշանակում, որ խուսափելու են շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար:

«Իսկ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ինչպես հայտարարել եմ փետրվարի 23-ի իմ ուղերձում, անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ ու միջազգային ձևաչափ»,- ասել է նախագահը:

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր միջոցները սոցիալ-տնտեսական բեռի թեթևացման և ուս-ուսի առկա մարտահրավերները միասին հաղթահարելու համար:

Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը, Մյունխենում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևի ներկայացրած պահանջից ուղիղ 5 օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որից հետո Արցախի նախագահը ներկայացրեց Բաքվի հետ երկխոսելու Ստեփանակերտի «սկզբունքներն ու կարմիր գծերը»։

Վարդանյանի պաշտոնանկությունից հետո Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ռուսական կողմի նախաձեռնությամբ, արդեն երկու անգամ հանդիպել են, վերջինն՝ այսօր էր։

«Պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ»

Կառավարության այսօրվա նիստին Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, նշել, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվելու նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG