Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանին առաջարկել է «անդամակցել հերթական ամորֆ խորհրդակցական մարմնին»


«Միասնական հանրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, երեկ տեղի է ունեցել Բաբայանի և Արցախի նախագահի հանդիպումը։ Հանդիպմանը սակայն Արայիկ Հարությունյանը Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը չի քննարկել։

Փոխարենը, ըստ մամուլի ծառայության, առաջարկել է «անդամակցել հերթական ամորֆ խորհրդակցական կոլեգիալ մարմնին», որի նպատակը և գործառույթները, ինչպես պնդում են, անգամ Արայիկ Հարությունյանի համար պարզ չեն եղել։ Արցախի նախագահի մամուլի խոսնակն այսօր հաստատեց հանդիպման փաստը։

Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանրահավաք էր կազմակերպել՝ իրեն Արցախի պետնախարար նշանակելու պահանջով։

Մայիսի 15-ի հանրահավաքը Ստեփանակերտում
Մայիսի 15-ի հանրահավաքը Ստեփանակերտում

44-օրյա պատերազմից հետո Արցախի հերոսի կոչումից հրաժարված Բաբայանը հանրահավաքում պնդել էր, թե իշխանության կռիվ չի անում, արցախցիներին զգուշացրել էր, որ կարող են փախստական դառնալ՝ եթե շարունակեն դիտորդի դերում մնալ. - «Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածք ունի, որտեղ և ընդգրկված ա Ղարաբաղը։ Հայաստանը ճանաչում ա այդ Ադբրեջանը։ Դա իրա իրավունքն ա»։

Բաբայանին պետնախախարար նշանակելու պահանջին ի պատասխան, նախագահ Արայիկ Հարությանը նույն օրը ֆեյսբուքյան իր էջում գրել էր , թե պատրաստ է քննարակումներ սկսել, բայց փաստորեն ինչպես Բաբայանի մամուլի ծառայությունն է փոխանցնում, առայժմ պետնախարարի պաշտոնի փոխարեն Արայիկ Հարությունյանը Բաբայանին կոլեգիալ մարմին է հրավիրում։

Ի՞նչ են անելու Սամվել Բաբայանն ու իր ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Մամուլի ծառայությունից փոխանցեցին, որ Բաբայանն առայժմ տասնօրյա դադար է վերցրել և բողոքի ակցիաների չի անցկացնի։ Փոխարենը ընդունել է նախագահի՝ քաղաքական կոնսուլտացիաների առաջարակը։

Պատճառը, ըստ Բաբայանի մամուլի ծառայության, հասարակական և քաղաքական ցնցումներից խուսափելն է եղել, քանի որ, ինչպես պնդեցին, մայիսի 15-ին Ստեփանկերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրապարակի անմիջական հարևանությամբ իշխանությունը կենտրոնացրել էր ոստիկանական ուժեր, հրշեջ-ջրցան մեքենաներ, ինչպես նաև հատուկ ջոկատայիններ։

Սամվել Բաբայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կոնսուլտացիները շարունակվելու են բացառապես Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջի օրակարգով։

Արցախի ընդդիմությունը նախագահին մեղադրում է «թույլ լինելու և ճնշումների ներքո պաշտոններ բաժանելու համար»

Մինչ Արայիկ Հարությունյանը քննարկումներ է ծավալում այս անգամ արդեն Սամվել Բաբայանի հետ, Արցախի ընդդիմությունը նախագահին մեղադրում է թույլ լինելու և ճնշումների ներքո պաշտոններ բաժանելու համար։ Ինչպես ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն է ասում՝ եթե ճնշումը մեծ լինի, Հարությունյանը իհարկե Բաբայանին պետնախարար կնշանակի. - «Տեսել ենք, որ երեք հոգով, տասը հոգով ճնշում են գործադրում և տարբեր պաշտոններ են ստանում։ Դա խոսում է թույլ իշխանության մասին»։

Ընդդիմադիր գործչի կարծիքով, Սամվել Բաբայանն այժմ «ավելի շատ հանրային աջակցություն ունի, քան նախորդ հանրային ճնշումների տակ ստացած պաշտոնյաները»։

Արցախի խորհրդարանի Դաշնակցություն խմբկացության ղեկավար Արթուր Մոսիյանը ճիշտ չի համարում մարդկանց փողոց դուրս բերելով պաշտոն պահանջելը. - «Դա Արայիկ Հարությունյանի սխալ քաղաքականության արդյունքն ա։ Նմանատիպ նախադեպեր ստեղծել է, և մարդիկ մտածում են, որ դա ա միակ ձևը»։

Հարցին, թե արդյոք պետնախարար փոխելու հանրային պահանջ կա, Մոսիյանը պատասխանեց. - «Կա հանրային պահանջ Արցախի իշխանությունները՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փոխելու»։

Վաղը քաղաքական տարբեր ուժեր և հասարակական կազմակերպություններ, այդ թվում ընդդիմադիր «Արդարությունն» ու Դաշնակցությունը, որոնք Արցախի փրկության ճակատ են ձևավորել, մամուլիս ասուլիս են հրավիրել, որտեղ կանդրադառնան Արցախում ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց ծրագրին։

Դավիթ Գալստյանը փակագծեր չբացեց, միայն ասաց, թե չեն կարող լուռ նստել ու նայել, թե ինչպես է «Փաշինյանը Արցախը հանձնում». - «Հասկանալի է, որ նա Գերագույն խորհրդի որոշումը ոտնահարելով ինչ-որ քայլեր է անում, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Եվ դրա համար, իմ խորին համոզմամբ, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն է կրելու»։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի համոզմամբ, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլմետեր տարածքը, որի մեջ մտնում է նաև նախկին ԼՂԻՄ-ը, դրանով զրկում է Արցախին ինքնորոշման իրավունքից. - «Նիկոլ Փաշինյանը 86,6-ը շեշտելով նախկին ԼՂԻՄ-ի տարածքը ևս ընդգրկում է էդ 86,6-ի մեջ, իսկ Ալմա Աթայի համաձայնագրի ժամանակ արդեն Արցախը խորհրդային օրենսդրությանը, միջազգային բոլոր ակտերին համապատասխան արդեն ինքնորոշվել էր։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն միտումնավոր կամ չգիտակցված ձևով խաչ է քաշում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, որի իրավունքը նա չունի»։

Պաշտոնական Երևանը դեռևս ուղիղ չի հայտարարել, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, բայց վարչապետ Փաշինյանը այսօր հաստատել է, որ ճանաչել է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքը։

XS
SM
MD
LG