Մատչելիության հղումներ

Պրիգոժինը հայտարարել է, որ մայիսի 10-ին «Վագները» կհեռանա Բախմուտից


«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ մայիսի 10-ին «Վագները» կհեռանա Բախմուտից՝ դիրքերը հանձնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին։

Բախմուտից հեռանում են, որովհետև բավարար զինամթերք չեն ստանում, իսկ մինչև մայիսի 10-ը մնալու որոշում են ընդունել, որպեզի չփչացնեն մայիսի 9-ի հաղթանակի օրը։

Երեկ երեկոյան հրապարակված տեսանյութում Եվգենի Պրիգոժինը, ցուցադրելով «Վագների» տասնյակ սպանված գրոհայինների մարմինները, նրանց մահվան համար մեղադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։

Նա պնդել է, որ «Վագներին» անհրաժեշտ զինամթերքի անբավարարությունը 70 տոկոս է կազմում, և եթե գոնե իրենց «նորման» ստանային, ապա զոհերը հինգ անգամ քիչ կլինեին։

«Նրանք կամավոր այստեղ են եկել և մահանում են, որպեսզի դուք ճարպակալեք կարմիր փայտից պատրաստված ձեր կաբինետներում»,- ասել է Պրիգոժինն՝ օգտագործելով նաև վիրավորական բառեր։

XS
SM
MD
LG