Վերջին հինգ ամսում Բախմուտում զոհվել է 20 հազար ռուսաստանցի, նրանց կեսը՝ «Վագներ»-ի վարձկաններ, հայտարարել է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Ռուսաստանի համար Բախմուտը գրավելու փորձը ահավոր թանկ արժեցավ: Ռուսաստանը սպառել է իր ռազմական պաշարներն ու իր զինված ուժերը, և դեկտեմբերից վեր մենք հաշվարկում ենք, որ Ռուսաստանը կորցրել է ավելի քան 100 հազար զինվորական, այդ թվում ավելի քան 20 հազար զոհված: Նրանցից գրեթե կեսը «Վագներ»-ի զինվորներն էին, որոնց մեծամասնությունը ռուս դատապարտյալներ էին, որ մարտի էին նետվել Բախմուտում առանց բավարար մարտական պատրաստվածության», - ասել է Քիրբին:
Ռուսական կողմն իր կորուստների մասին վերջին անգամ հայտարարել է անցած տարվա սեպտեմբերին: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր այն ժամանակ 5 հազար 937 զոհերի մասին: Արդեն իսկ տվյալ պահին ռազմական փորձագետներն այդ ցուցանիշը թերագնահատված էին համարում: Ուկրաինական կողմը պարբերաբար հայտարարում է՝ ռուսները Բախմուտում հազարավոր զինվորականներ են կորցնում:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հրաժարվել է գնահատել ուկրաինական կողմի կորուստները՝ ասելով, թե այս պատերազմում Ուկրաինան զոհն է, իսկ Ռուսաստանը՝ ագրեսորը, և Սպիտակ տունը չի հրապարակի տեղեկատվությունը, որը կարող է վնասել Ուկրաինային:
Քիրբին երեկ նաև հայտարարել է, թե Բախմուտում ռուսական հարձակումը կանգ է առել և ձախողվել: