Մատչելիության հղումներ

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործն արդեն ուղարկվել է դատարան


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արխիվ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արխիվ

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստան ներթափանցած, ապա սահմանամերձ գյուղերի բնակիչների կողմից հայտնաբերված ու կալանավորված երկու ադրբեջանցիներից մեկի գործն արդեն ուղարկվել է դատարան, այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։

Զինծառայող Ագշին Բաբիրովը մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Երկրորդ զինվորի գործը դեռ քննության փուլում է։ Հուսեյն Ախունդովը մեղադրվում է նաև սպանության համար։

«Երկու անձ ունենք, որոնցից մեկի վերաբերյալ վարույթն արդեն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան, երկրորդի վերաբերյալ դեռ քննությունը շարունակվում է: Երկրորդ անձն, այո, մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարված սպանության մեջ», - նշեց Աննա Վարդապետյանը:

Ըստ քրեական գործի, Ախունդովը ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», կրակել ու սպանել է գործարանի պահակ Հայրապետ Մելիքսեթյանին։ Դատախազությունը նաև փոխանցել էր, որ ադրբեջանցի զինծառայողը ցանկացել է հետագայում ապօրինի հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Այդ նպատակով էլ հափշտակել էր պահակի բջջային հեռախոսը, փորձել գործարկել տարածքում կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել էր փախուստի: Ավելի ուշ, նրան Կապանի մոտակայքում հայտնաբերել ու իրավապահներին էին հանձնել տեղի բնակիչները։

Մինչ Բաքուն պնդում է, թե իր զինծառայողները մոլորվել են սահմանին անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով և նրանց ազատման հարցով դիմել է միջազգային կազմակերպություններին, գլխավոր դատախազն այս փուլում բացառում է նրանց արտահանձնելը։

«Նշեմ, որ մինչ դատական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինում, արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում: Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով, եթե կոնկրետ Ադրբեջանն է հետաքրքրում, դա Մոսկվայի կոնվենցիան է 1998 թվականի և Ստարսբուրգի կոնվենցիան է», - ասաց նա:

Վարդապետյանն անդրադարձավ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը չքննելու որոշմանը

Աննա Վարդապետյանն այսօր խորհրդարանում գլխավոր դատախազության տարեկան հաղորդումն էր ներկայացնում։ Լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը չքննելու որոշմանը։

Կանադայի քաղաքացի, դաշնակցական Կարեն Մկրտչյանն ապրիլի սկզբին, Կասկադում տեսնելով Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո, ըստ սփյուռքահայի, ԱԺ նախագահի թիկնապահները բռնել էին իր ձեռքերը, Սիմոնյանն էլ թքել էր իր դեմքին։ Դատախազությունից երեկ էին փոխանցել, թե քրեական վարույթ չեն նախաձեռնել՝ դա հիմնավորելով 11 տարի առաջ Վճռաբեկ դատարանի կայացրած մի վճռով։

«Այստեղ շատ կարևոր նրբություն կա, սուբյեկտիվ կողմը, ի՞նչ դրդմամբ, ի՞նչ մոտիվով է կատարվում արարքը և եթե բացակայում է խուլիգանական դրդումը, մենք տվյալ դեպքում խուլիգանության մասին ուղղակի խոսել չենք կարող: Տվյալ իրավիճակում, էլի, 2012 թվականի նախադեպը հիմք ընդունելով, պարզվել էր, որ գոյություն ունի միջանձնային հարաբերություն տվյալ իրավիճակում և արարքը չի կատարվել խուլիգանական դրդմամբ», - ընդգծեց գլխավոր դատախազը:

Մինչդեռ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը շարունակում է հակադարձել՝ միջադեպը գործող օրենսգրքով համապատասխանում է խուլիգանության հոդվածին, իսկ դատախազը վկայակոչում է նախկին օրենքների շրջանակներում կայացված վճիռը։

«Ըստ էության, քաղաքացուն ձեռքերից բռնելով անշարժացնելն ու նրա դեմքին թքելը ոչ այլ ինչ է, քան այս դիսպոզիցիայի տակ ընկնող արարք, և այս դիսպոզիցիայի հետ կապված չկա Վճռաբեկ դատարանի որոշումը, որը որևիցե բան կասեր առհասարակ», - շեշտել էր ՀԿ-ի ղեկավարը։

Գլխավոր դատախազը խուլիգանություն չի որակում նաև Էդգար Ղազարյանի հասցեին Արթուր Հովհաննիսյանի սպառնալիքը

Գլխավոր դատախազը խուլիգանություն չի որակում նաև մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանի հասցեին իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ լեզուն, ականջը կտրելու սպառնալիքը։

Այս դիրքորոշումը քննադատում, խտրական ու քաղաքական են համարում ընդդիմադիրները՝ հիշեցնելով, որ իրավապահները արագ գործեցին իշխանական պատգամավորին հարվածած ընդդիմադիր Մհեր Սահակյանի դեպքում։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը շաբաթներ առաջ զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից, նրան մեղադրանք ներկայացվեց խուլիգանության հոդվածով։

Իշխանությունը հերքում է ընդդիմության պնդումներ՝ հայտարարելով, որ իրավապահների աշխատանքին չեն միջամտում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG