Մատչելիության հղումներ

Դատախազություն. Հայաստան ներթափանցած ադրբեջանցին է սպանել Պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին


Գլխավոր դատախազությունը մոտ մեկ շաբաթ անց հաստատեց՝ Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին։

Մասնավորապես, ըստ դատախազության, Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ Ախունդովը ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», կրակել ու սպանել է գործարանի պահակ Հայրապետ Մելիքսեթյանին։ Քաղաքացին ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Դատախազության հաղորդմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը ցանկացել է հետագայում ապօրինի հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Այդ նպատակով է հափշտակել պահակի բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի:

Ըստ դատախազության, Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «Փառք Աստծո, հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան»:

Այնուհետև, Ախունդովը հափշտակված բջջային հեռախոսում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել սոցիալական ցանցի իր էջում: Դրանից հետո, ոտքով գնացել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ և 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:

Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. ՔՊ պատգամավոր

Այսօր ավելի վաղ իշխանական ևս մեկ պատգամավոր՝ Նարեկ Ղահարմանյանն էր «Ազատության» հետ զրույցում ասել՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանել է Կապանի մոտակայքում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողը։ Ավելին՝ ծնունդով կապանցի պատգամավորի խոսքով, ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է սպանության մասին։

Թե ինչու մինչ այս պահը իրավապահները չէին հայտարարում այդ մասին, պատգամավորն ասել էր, թե գուցե պատճառն այն է, որ դեռևս չի հայտնաբերվել զենքը, որից ադրբեջանցի զինծառայողը սպանել է պահակին։

«Ես կարծում եմ, որ զենքի առկայության բացակայությունն է այն պատճառը, որ կարող է նաև Քննչականը, Ազգային անվտանգության ծառայություն կամ Ոստիկանությունը չեն հաստատում: Զենքը անտառներում է, փնտրում են, բայց էլի եմ ասում, կասկած չկա, ոչ էլ կասկածող կա ...», - ասել էր նա։

«Ազատության» հարցին՝ կա՞ն ադրբեջանցիներ, ում դեռ շարունակում են փնտրել, պատգամավորը բացասական պատասխան էր տվել։

Սյունիք ներթափանցած ադրբեջանցիներից մեկին բնակիչները հայտնաբերել էին ապրիլի 10-ին՝ Սիսիանի Աշոտավան գյուղում, երկրորդին՝ ապրիլի 13 -ին Կապանի մոտակայքում։ Երկուսն էլ կալանավորվել էին՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու և հրազեն ու ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Եվ ահա այսօր Ախունդովի մեղադրանքին ավելացավ ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության հոդվածը։

Որևէ մեկը ադրբեջանցի զինծառայողներին գերու կարգավիճակ չի տվել

Առայժմ պարզ չէ՝ արդյոք Սյունիքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողներին Հայաստանի իշխանությունները կարտահանձնեն Ադրբեջանին, թե՝ ոչ։

Երեկ ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարարը պահանջել էր անհապաղ ազատ արձակել նրանց, ընդ որում՝ պնդելով, թե զինվորները «գերեվարվել են, իսկ նրանցից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել»։

Մինչդեռ խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հակադարձում է Ջեյհուն Բայրամովին՝ Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողներին գերու կարգավիճակ չի տրվել, նրանք մեղադրյալ են, և նրանց վերադարձնելու մասին հնարավոր կլինի խոսել, երբ ավարտվեն իրավական գործընթացները։

Քննարկվո՞ւմ է արդյոք ադրբեջանցի 2 զինծառայողներին հայ ռազմագերիների հետ հնարավոր փոխանակման հարցը. Սարգիս Խանդանյանի խոսքով, Ադրբեջանը հայ ռազմագերիներին պետք է վերադարձներ նոյեմբերի 9-ի պայմանագրի շրջանակներում, և այդ խնդրի լուծումը չի կարող պայմանավորվել որևէ այլ հարցով։

«Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջը, այն է՝ վերադարձնել բոլոր ռազմագերիներին 2020 թվականի պատերազմի հետևանքով, և Հայաստանը չի պատրաստվում այս հարցի շուրջ որևէ տեսակի զիջումների գնալ: Սա պայմանավորվածություն է, որը պետք է կատարվեր շատ վաղուց, բայց Ադրբեջանը չի կատարում, իսկ այս հանգամանքը, կոնկրետ այս դեպքը ես չէի պայմանավորի այդ հարցի լուծմամբ: Այս երկու հանգամանքները համազոր չեն, և մենք չենք կարող որևէ կերպ բանակցել մեր գերիների հարցը՝ պայմանավորելով այլ հարցերով, դա բանակցվել է նոյեմբերի 9-ին, որով ասվում էր, որ բոլոր գերիները պետք է վերադարձվեն, և Հայաստանն այդ մասով իր պարտավորությունն ամբողջությամբ կատարել է», - ասաց Խանդանյանը:

«Հարցը պետք է քննարկվի գերիները՝ գերիների հետ փոխանակելու տրամաբանությամբ»

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանի հետ պետք է քննարկվի գերիների փոխանակման հարցը։ Բայց մինչև այդ, նախ համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե ադրբեջանցի զինծառայողները ի՞նչ նպատակով են ներթափանցել Հայաստան և ի՞նչ ճանապարհներով են հայտնվել Սյունիքի բնակավայրերում։

«Այսինքն՝ այդ բոլոր մանրամասներից հետո, կարծում եմ, ճանապարհն այն է, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցվի գերիների փոխանակման հարցը՝ հաշվի առնելով, որ պաշտոնապես երեք տասնյակ է, իսկ ոչ պաշտոնապես 100-ի կարգի մարդ է նշվում, որ Ադրբեջանում կան որպես հայ ռազմագերիներ և գերիներ, ապա այս պայմաններում բնական է, որ նրանց հնարավոր հանձնումը Ադրբեջանին պետք է ենթադրի Ադրբեջանից հայ գերիների և ռազմագերիների վերադարձ», - ասաց Աբրահամյանը:

Արցախում հանցագործության համար բանտարկված ադրբեջանցիներին հայ ռազմագերիների հետ փոխանակելու նախադեպ եղել է։ Դեռևս 2014-ին Արցախում սպանության ու դիվերսիայի համար դատապարտված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասքերովին Հայաստանը Ադրբեջանին փոխանցեց 2020-ի դեկտեմբերին՝ 12 այլ ադրբեջանցիների հետ միասին։ Ադրբեջանն էլ Հայաստանին վերադարձրեց 44 հայ ռազմագերիների։ Հայտարարվեց, որ սա իրականացվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հրամանատարն այն ժամանակ ասել էր՝ փոխանակումը տեղի էր ունեցել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ադրբեջանական բանտերում, պաշտոնական տվյալներով, 33 հայ ռազմագերի է պահվում, Բաքուն նրանց ռազմական հանցագործ է համարում ու հրաժարվում է արտահանձնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG