Միջադեպից մեկ շաբաթ անց գլխավոր դատախազությունը դեռևս չի հստակեցնում, թե արդյոք պատրաստվում են միջնորդություն ներկայացնել խորհրդարան ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և մեղադրանք առաջադրելու համար։
Անցած ուրբաթ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել էր իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Քրեական գործ էր հարուցվել խուլիգանության և հարվածներ հասցնելու հոդվածներով։ Իշխանական պատգամավորը արդեն տուժող է ճանաչվել։
Ընդդիմադիր պատգամավորի փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ Վարդանյանն ու Սահակյանը երկու օր առաջ են առերեսվել. - «Հիմնական հակասությունը վերաբերում է նրան, թե ով առաջինը շարժվեց մյուսի ուղղությամբ։ Իրավաբանական տեսանկյունից ամենևին անհրաժեշտ չէ ապացուցել, որ Վլադիմիր Վարդանյանը վստահաբար նրան հարվածելու էր։ Անհրաժեշտ է ապացուցել, և մենք փորձելու ենք դա անել, որ Մհեր Սահակյանը օբյեկտիվ հիմքեր ուներ ենթադրելու, որ առկա է իրական վտանգ, որ Վլադիմիր Վարդանյանը կհարվածի իրեն»։
Պետաիրավականի փակ նիստում քաղաքական քննարկումը թեժ վեճի էր վերածվել, որի ընթացքում էլ Մհեր Սահակյանը հարվածել էր Վլադիմիր Վարդանյանին։ Վարդանյանին հարվածելուց հետո Սահակյանը երեք օրով ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց։ Միայն Ազգային ժողովի համաձայնության դեպքում նա կարող է մեղադրյալ ներգրավվել, իշխող մեծամասնությունը առայժմ չի հստակեցրել՝ եթե դատախազությունից նման միջնորդություն լինի, կողմ կքվեարկե՞ն։
Մհեր Սահակյանը պնդել էր, թե փակ նիստի ժամանակ Վարդանյան ագրեսիվ էր, չարաշահում էր նախագահողի լիազորությունները, և ինքը փորձել էր սաստել նրան՝ պահանջելով հարգալից վարքագիծ. - «Ես այդ պահին, որ նա մոտենում էր դեպի ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը՝ բազմիցս դրսևորված, նույն Վլադիմիր Վարդանյանի վարքագիծը, որ թույլ է տվել իրեն հարվածել ընդդիմադիր պատգամավորի, դիմացի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան։ Եթե վարույթ իրականացնող մարմինը կգնահատի, որ ես անցել եմ էդ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ»։
Վարդանյանը, մինչդեռ, հերքել էր, որ ինքն է մոտեցել ընդդիմադիր պատգամավորին, ասել էր, թե սաստել է, որ էմոցիաները մի կողմ թողնեն ու վերադառնան քննարկման բուն թեմային. - «Ես քայլ դեպի պատգամավոր Սահակյանը չեմ կատարել և չէի էլ կարա կատարեի»։
Այս գործը քննում է Քննչական կոմիտեն։ Կառույցից հայտնում են, որ քննչական գործողությունները, այդ թվում առերեսումները շարունակվում են։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով երեկ խորհրդարանում քննչական գործողությունների է մասնակցել, ասում է՝ չեն զարմանա, եթե Սահակյանին մեղադրանք առաջադրվի հարվածներ հասցնելու հոդվածով։ Բայց անընդունելի են համարում խուլիգանության հոդվածը. - «Դա չի նշանակում, որ մենք ընդունում ենք այս հանցանքը, բայց դա նշանակում է, որ մենք համարում ենք, որ այս պայմաններում դա անտրամաբանական չէ։ Մհեր Սահակյանը որևէ խուլիգանական գործողություն էդտեղ չի կատարել։ Եթե նույնիսկ մենք ընդունենք, որ ինքնապաշտպանության սահմանները նա անցել է, խուլիգանություն չի դա։ Վտանգի գնահատման հետ կապված հարց է»։
Իշխանական պատգամավոր Վարդանյանը հայտնել էր, թե Մհեր Սահակյանն իրեն հարվածել է ինչ-որ առարկայով։ Եթե ընդդիմադիր պատգամավորին մեղադրանք առաջադրվի խուլիգանության հոդվածով, ապա նրան սպառնում է առավելագույնը 8 տարվա ազատազրկում, մինչդեռ միայն հարվածելու դեպքում առավելագույն պատիժը երկու տարի է։
Իշխանական պատգամավորների հետ առերեսվել են նաև ընդդիմադիրներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը։ Վերջինս չցանկացավ մանրամասներ ներկայացնել, բայց փոխանցեց՝ տպավորություն ունի, որ իշխանական գործընկերները մեծ ցանկություն չունեն Սահակյանին պատժելու հարցում. - «Ես նման տենչանք չտեսա»։
Միջադեպին ականատես Նազարյանը պատմում է, որ դեպքը մոտ 20 վայրկյան է տևել։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, դատախազության հնարավոր միջնորդությունը է'լ ավելի կսիրի իրավիճակը։
Մյուս կողմից, Նազարյանը հիշեցնում է նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքերը, որոնք այդպես էլ դատարան չեն հասել. - «Դա նորից կբորբոքի կրքեր, որովհետև արդեն շատերը իրոք ճշմարտացի հարց կտան՝ իսկ ինչո՞ւ էդ դեպքում չեկաք սրա, նրա և մյուսի հետևից... Մենակ Վահագն Ալեքսանյանը չի։ Ասենք, մեր աչքի առաջ Սասունը [Միքայելյան] ծեծի էր ենթարկում մի խմբի հետ Էդմոն Մարուքյանին, էկա՞ն հետևից»։
Ընդդիմադիր պատգամավորը քննադատում է հատկապես վերջին շրջանում հնչող ատելության, վիրավորանքի խոսքն ու կոչ անում ձերբազատվել այդ մթնոլորտից։ Նազարյանը հիշեցրեց ԱԺ նախագահի հետ կապված վերջին սկանդալից հետո Ալեն Սիմոնյանի ներողության խոսքը. - «Բայց փոխանակ մենք օգնենք Ալեն Սիմոնյանին, որ նա օրինակ է ծառայում, որ արածի համար կարելի է ներողություն խնդրել, գիտե՞ք ինչ են անում հանրության տարբեր կողմերից։ Մի մասը ասում ա՝ արա, դրանք ո՞վ են, որ դրանցից ներողություն ես խնդրում, հո դու գի՞ժ չես։ Մյուս մասն էլ ասում են՝ արա, քո ներողությունը մեզ պետք չի, դու ո՞վ ես, որ մեզանից ներողություն խնդրես... Բա սենց մենք ո՞ւր ենք գնալու»։
Պատգամավորը միայն Ազգային ժողովի համաձայնության դեպքում կարող է մեղադրյալ ներգրավվել։ Իշխող մեծամասնությունն առայժմ չի հստակեցրել. եթե դատախազությունից նման միջնորդություն լինի՝ կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեն։