Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանի արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է. Լևոն Տեր-Պետրոսյան


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահն «ազգային խայտառակություն» է որակում նախօրեին Ազգային ժողովի նախագահի շուրջ տեղի ունեցած «զազրելի միջադեպը»՝ իշխող քաղաքական ուժին առաջարկելով նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունը։

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հրապարակել է ilur.am-ը։

Խախտելով ամիսների լռությունը՝ առաջին նախագահն անդրադարձել է անցած կիրակի Երևանի կենտրոնում Սիմոնյանի և սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Դաշնակցական երիտասարդը Սիմոնյանին անվանել էր դավաճան, ինչից հետո, ըստ նրա, խորհրդարանի խոսնակի թիկնապահները ոլորել էին իր ձեռքերը, իսկ ԱԺ նախագահը թքել էր իր դեմքին։

Ալեն Սիմոնյանը ըստ էության չի հերքել կատարվածը, բայց այդպես էլ ուղիղ չի պատասխանում հարցին՝ ի վերջո, թքե՞լ է քաղաքացու դեմքին, թե՞ ոչ։ Ավելին, երեկ նա արդարացրել է իր թիկնապահների գործողությունները։

Այսօր էլ պնդեց՝ որևէ մեկն իրեն դավաճան անվանելու իրավունք չունի. - «Առաջին անգամ չի, որ ես արձագանքում եմ նման արարքներին, որևիցե մեկը իրավունք չունի ինր-որ մեկին վիրավորել, էլ չեմ ասում՝ ընտրված իշխանություններին»։

Ալեն Սիմոնյանը հակադարձում է

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Առաջին նախագահի հայտարարությունից կարճ ժամանակ անց Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում «անսպասելի» որակեց իրեն պաշտոնակ անելու առաջարկությունը և հակադարձեց. - «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է: Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը ունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, և «թքած», թե հետո ով ինչ կասի»:

Արդյո՞ք իշխող խմբակցությունը կհետևի առաջին նախագահի հորդորին ու կքննարկի Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ «Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանն ուղիղ չի պատասխանում այս հարցին, բայց ասում է՝ նախ պետք է պարզեն դեպքի հանգամանքները. - «Հարգելով Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ այնուամենայնիվ դա ուսումնասիրման կարիք ունի։ Եղե՞լ ա դեպքը էդպես, թե չի եղել էդպես, դա քննության առարկա պետք ա լինի։ Ասելով չի, շատ ուրիշ բաներ էլ են ասում»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից առայժմ չեն շտապում դիրքորոշում հայտնել առաջին նախագահի առաջարկության շուրջ։ Իսկ «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը փոխանցեց՝ ավելի ուշ կհայտնեն. - «Ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի հոդվածին՝ կապված Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու նկատմամբ կատարած գործողության վերաբերյալ։ Այդտեղ հնչեցված կարծիքները մենք կքննարկենք ֆրակցիայում, անելիքների մասին կհայտարարենք»։

Ի դեպ, Ազգային ժողովի նախագահը երեկ նաև պնդել էր, թե իրենից բացի հարձակման է ենթարկվել նաև վարչապետ Փաշինյանի որդին։ Աշոտ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում հերքեց Սիմոնյանի պնդումը՝ հայտարարելով. - «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել։ Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը։ Ինչ վերաբերում է տեղեկության տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում։ Իսկ թե ինչո՞ւ՝ ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ»։

Աշոտ Փաշինյանի այս հերքումից հետո Ալեն Սիմոնյանը հեռացրեց ֆեյսբուքի իր գրառումը, հետո էլ հստակ պատասխան չտվեց լրագրողների հարցերին, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը։ Ասաց միայն՝ չի ուզում, որ էջում լինի մի բան, որն «իրականության հետ խնդիր ունի». - «Տեսեք, չճշտված բան չի։ Գնահատականն է, որը որ, կարծում եմ, տարբեր է։ Իմ ու վարչապետի մեջ որևիցե հակասություն չկա և չի կարող լինել։ Երբևիցե չի կարող լինել։ Միգուցե բարձր է հնչում՝ երբևիցե, բայց ես, հասկանալով պատասխանատվությունը, ասում եմ՝ երբևիցե չի կարող լինել։ Ինքը ու ես մի թիմ ենք, ես մի թիմի ներկայացուցիչ եմ, ինքը իմ ղեկավարն ա և իմ ընկերն ա, իմ գործընկերն ա»։

Ինչ վերաբերում է Կասկադի միջադեպին, այն մինչ այս պահը իրավապահների քննության առարկա չի դարձել։ Գլխավոր դատախազությունից փոխանցում են՝ վարույթ չկան, չմանրամասնելով ինչու։ Իսկ միջադեպի կողմերը չեն շտապում բողոք ներկայացնել։

XS
SM
MD
LG